«Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Արտակ Քարամյան» ՍՊ ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Արտադրամասում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության պահանջներին անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։

Մասնավորապես՝ արտադրամասի պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Առաստաղներն ու տանիքների ներքին մակերևույթները չեն ապահովել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը, ինչպես նաև նպաստել են խոնավության խտացմանը։

Դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։ Արտադրամասում նաև չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Սահմանվել է վերջնաժամկետ։

Leave a comment