ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց

Քաղաքականություն

10.08.2026 | 21:57

ՌԴ Գերագույն դատարանը բավարարել է «Ռոդինա» կուսակցության հայցը՝ «Յաբլոկո» կուսակցությանը Պետդումայի ընտրություններից հանելու վերաբերյալ։ «Ռոդինան» կուսակցությանը մեղադրել էր հեղինակային իրավունքների խախտման, ապօրինի նախընտրական քարոզչության և ծայրահեղականությանը աջակցելու մեջ։

Meduza-ի փոխանցմամբ՝ դատարանում «Ռոդինայի» ներկայացուցիչը «Յաբլոկոյի» հակապատերազմական դիրքորոշումը ներկայացրել է որպես ծայրահեղականության և Ռուսաստանի տարածքային ամբողջականության խախտման կոչեր։ Հայցում որպես հեղինակային իրավունքի խախտումներ նշվել են նաև խորհրդային երգերից արտահայտությունների և ChatGPT-ի միջոցով ստեղծված պատկերների օգտագործումը։

«Յաբլոկոյի» առաջնորդ Նիկոլայ Ռիբակովը հերքել է մեղադրանքները՝ դրանք կապելով կուսակցության քաղաքական դիրքորոշման հետ։ ԿԸՀ-ն և դատախազությունը ևս աջակցել են կուսակցությանը ընտրություններից հանելուն։

Դատարանի որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, իսկ «Յաբլոկոն» հայտարարել է, որ այն բողոքարկելու է։

Leave a comment