Վիլեն Գաբրիելյանն առաջադրվել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:

ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը քննարկման ժամանակ իր թիմակից Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է արդյոք, որ վերջինս մանկության տարիներին հավաքագրված լինի Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, հայտնում է Factor.am-ը:

«Կարո՞ղ է պատահի կամ եղած լինի՝ հինգ, վեց, յոթ տարեկանում Դուք հավաքագրված լինեք խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների՝ այն ժամանակվա ԿԳԲ-ի կողմից»,- հարցրել է Սարգսյանը։

Գաբրիելյանը պատասխանել է, որ այդ տարիքում չէր կարող համապատասխան մարմինների հետաքրքրության շրջանակում հայտնվել։

«Հինգ-վեց տարեկանում, կարծում եմ, չէի կարա հետաքրքրություն ներկայացնեի համապատասխան մարմինների համար։ Արդյոք կարո՞ղ եմ ես հավաքագրված լինել այլ պետության հատուկ ծառայությունների կողմից, ապա միանշանակ և աներկբա պատասխանը՝ «ոչ» է, չի կարող նման բան լինել»,- հայտարարել է Գաբրիելյանը։

Խորհրդարանն ավելի վաղ ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որի համաձայն 9-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 12 մշտական հանձնաժողով։ Հաշվի առնելով խորհրդարանական խմբակցությունների թվային հարաբերակցությունը՝ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանվել է 8։

«Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12 անդամ:

Leave a comment