ՀՀ կառավարությունը 350 միլիոնի վարկ է վերցնում, որովհետև նոր տնտեսական ճգնաժամի ենք հանգելու․ Արթուր Խաչատրյան

Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները պետք է քաղաքական պատրաստակամություն ունենան հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ հայեցակարգային մակարդակով, սակայն ունենք միայն Երևանի պարտավորությունները․ Բաքվից որևէ գրավոր երաշխիք չկա․ խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը՝ բացատրելով իր պնդումը, որ ապաշրջափակման մասին խոսակցությունները խոսակցություններ են, որոնք իրականություն չեն դառնա։

Ընդդիմադիր պատգամավորը շարունակում է պնդել՝ անարգել տարանցման մասին խոսակցությունները չեն հաստատվում փոխադարձության կոնկրետ տրամաբանությամբ․ «Պարիտետի սկզբունքը չափազանց պարզ է․ եթե մենք տրամադրում ենք անարգել անցում, ապա ի պատասխան պետք է ստանանք ճիշտ նույնպիսի անարգել տարանցում»։

Նա նաև նկատեց՝ ԹՐԻՓՓ-ի պարագայում խոսվում էր բազմամիլիոնանոց ներդրումների մասին, բայց դեռ միայն հայկական կողմի ներդրումներն են։

Հայաստանից ԵԱՏՄ և ՌԴ արտահանումների խնդրի համատեքստում, նաև ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունների համատեքստում՝ Արթուր Խաչատրյանը մեղադրում է ՀՀ իշխանություններին՝ տնտեսական դիվերսիֆիկացիայի բացակայության համար, որի արդյունքում տեղական արտադրողների համար ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել․ «Նիկոլ Փաշինյանը հոնքը ուղղելու փոխարեն աչքն էլ հետը հանեց․ ՌԴ-ն ասում է՝ այն ձուկը, որը փորձել են ներկրել, իր չափանիշներին չի համապատասխանում։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ ես գնեցի այդ ձուկը, այնքան վատն էր, յուղոտ էր, ուտելու բան չէր․․․ հիմա այդ ձուկը ո՞ր երրորդ երկիրը կգնի»։

Խնդիրները Արթուր Խաչատրյանը տնտեսական չի համարում, այլ քաղաքական՝ պայմանավորված ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու քայլերով։ ԵԱՏՄ-ում Նիկոլ Փաշինյանի բացատրությունները նա այսպես է մեկնաբանում՝ այսօր բարձրաձայնելով հնարավոր հետագա քայլերի մասին, դու այսօր խնդիրների առաջ ես կանգնեցնում քո տնտեսվարողներին, այսօրվա փաստացի խնդիրը փորձում ես փոխհատուցել հեռավոր ապագայում, ինչ-որ մի պահ հնարավոր դրական ազդեցություններով։ Քննադատում է, որ ութ տարիների ընթացքում տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ոչ մի քայլ չարվեց․ միայն իշխանություններին մոտ կանգնած գործարարը ՌԴ-ից ոսկի էր ներմուծում և արտահանում արաբական երկրներ՝ թվերի վրա տնտեսության աճը կար, իշխանությունները իրենց լավ աշխատանքն էին գովազդում՝ «մտածելով, թե պապն ամեն օր փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բկին»։

«Գործող իշխանությունների որոշումները երկիրը տանում են դեպի լուրջ տնտեսական ցնցումներ, ինչի պատճառով նրանք արդեն ստիպված են բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար վերցնել հերթական բազմամիլիոնանոց վարկերը»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ այսպես բացատրելով ՀՀ կառավարության՝ 350 միլիոն դոլարի նոր վարկ վերցնելու պատճառը։ Իր գնահատմամբ՝ նորից տնտեսությունը ստորադասել են քաղաքական անհասկանալի հեռանկարին, և իրենք արդեն իսկ գիտեն, որ իրենց լուծումները նոր տնտեսական ճգնաժամ են բերելու։

 

Մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment