Իրանը հայտարարել է, որ Օմանի հետ մոտ է վերջնական համաձայնության, որով պետք է սահմանվեն Հորմուզի նեղուցով երկու երկրների միջև նավագնացության նոր ուղիները։
Միևնույն ժամանակ Թեհրանը կրկին ընդգծել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցի լիարժեք վերաբացման համար Միացյալ Նահանգները պետք է կատարի Իրանի առաջադրած մի շարք այլ պայմաններ։ Դրանց թվում են Իրանի կրած վնասների փոխհատուցումը, պատժամիջոցների վերացումը և ռազմական սպառնալիքների դադարեցումը։
ԱՄՆ պաշտոնյան ուրբաթ Reuters-ին հայտնել է, որ Իրանն ու Օմանը մոտ են համաձայնության, որը կարող է հիմք ստեղծել Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացության վերականգնման համար։
Մինչ նեղուցի փակումը Հորմուզը համարվում էր համաշխարհային նավթի և գազի փոխադրման կարևորագույն ուղիներից մեկը։ Իրանը նեղուցը փակել էր ի պատասխան Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների, որոնք սկսվել էին փետրվարի վերջին։