Վերակառուցվում են բաշխիչ ցանցի վթարային հատվածները
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Արևշատ համայնքում ծրագրի ամենախոշոր ներդրումն է արվել՝ 154,5 մլն դրամ։ Այստեղ վերակառուցվում է գյուղը սնուցող գլխավոր ջրատարը, ինչպես նաև բաշխիչ ցանցի վթարային հատվածները, հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ գործող ջրատարը կառուցվել է դեռևս 1937 թվականին և այժմ չի համապատասխանում շահագործման պահանջներին՝ հաճախակի վթարների և զգալի ջրակորստի պատճառ դառնալով։ Այս ջրատարով սնուցվում են նաև Արտաշատ խոշորացված համայնքի 14 բնակավայրեր։
«Այսպիսով՝ 95 բաժանորդի համար կառուցվում է շուրջ 5 կմ ջրագիծ», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«Վեոլիա ջուր»–ից հայտնում են նաև, որ Լանջազատ բնակավայրում ծրագիրը լուծում է մեկ այլ երկարամյա խնդիր։ Այստեղ շահագործումից հանվում է խորհրդային տարիներից գործող հնամաշ թուջե ջրատարը, որն ամբողջությամբ անցնում է մասնավոր տարածքներով։
Տարիներ շարունակ այս հանգամանքը զգալիորեն դժվարացրել է ինչպես համակարգի շահագործումը, այնպես էլ վթարավերացման աշխատանքների իրականացումը։
«29.5 մլն դրամ ներդրմամբ հին ջրատարը փոխարինվում է նոր խողովակաշարով, որը կանցնի ճանապարհի եզրով՝ ապահովելով համակարգի առավել անվտանգ շահագործումն ու անխափան սպասարկումը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ վերակառուցվում են բաշխիչ ցանցի վթարային հատվածները: Աշխատանքի ավարտից հետո կբարձրանա ջրամատակարարման համակարգի արդյունավետությունը, կնվազի ջրակորուստը, իսկ բնակավայրերի բնակիչները կապահովվեն առավել հուսալի և բնականոն ջրամատակարարմամբ։