«Դու ինձ 15 տարեկանից ճանաչում ես, մենք իրար հետ մտերիմ ենք եղել։ Դու կարո՞ղ էիր, բացի խնդրելուց, ինձ ուրիշ ձևով դիմել։ Արի ճիշտը խոսենք. դու կարո՞ղ էիր ինձ ստիպել, պարտադրել, որ, օրինակ, հանկարծ թմրանյութ չօգտագործեմ։ Ե՞րբ է եղել նման բան, ե՞րբ»,- այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում մեղադրյալ, ինժեներասակրավորային վաշտի նախկին հրամանատար Գոռ Մարգարյանի հարցաքննության ընթացքում նրան դիմեց գործով մեկ այլ մեղադրյալ Եղիշե Հակոբյանը՝ անդրադառնալով հատկապես Մարգարյանի այն պնդմանը, թե ինքը Եղիշեին ասել է՝ ծառայության ընթացքում թմրանյութ չտեսնի:
Զոհված զինվորների հարազատները զայրացան և տեղերից արձագանքեցին Հակոբյանի հարցադրմանը. «Չէր կարող հրամայել, պետք է խնդրեր»։
Հարցաքննվող վաշտի նախկին հրամանատար Գոռ Մարգարյանը կրկին պնդեց, որ նման խոսակցություն եղել է մի քանի անգամ.
«Կոնկրետ օրերով ու դեպքերով չեմ կարող հիշեցնել, բայց մի քանի անգամ՝ այն ժամանակվանից, երբ եկել ես ինձ հետ Ազատի կացարան»։
Եղիշե Հակոբյանը դժգոհ էր նաև Մարգարյանի մեկ այլ պնդումից, թե հրդեհի ժամանակ ինքը փախել է կացարանից։ Այդ մասով Հակոբյանը պնդեց, որ Մարգարյանը խեղաթյուրում է Վաղինակ Մանուչարյանի խոսքերը՝ անընդհատ հղում անելով նրան։
Հակոբյանի խոսքով՝ եթե ինքն իսկապես նման բան ասած լիներ Մանուչարյանին, վերջինս դրա մասին կասեր թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում։
Ի պատասխան՝ Մարգարյանը դիմեց Հակոբյանին.
«Ճիշտն ասա. ինչո՞ւ ես դեպքի վայրում մի բան ասել, նախաքննության ժամանակ՝ մեկ այլ բան, իսկ դատարանում՝ լրիվ ուրիշ բան»։
«Հարգելի՛ դատարան, ես չեմ փախել, ես մինչև վերջ մնացել եմ այնտեղ»,- դատարանին դիմեց Եղիշե Հակոբյանը։
Զոհված զինվորների հարազատները կրկին զայրացած արձագանքեցին Հակոբյանի խոսքերին. «15-ի գլուխը մնացիր կերար, սաղ սուրբ են, այ մարդ»։
Հիշեցնենք, որ այսօր հարցաքննված մեղադրյալ Գոռ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ ՊՆ N 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնը և պարտավոր լինելով անցկացնել ստուգումներ, ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրդեհային անվտանգությունը, բոլոր տեսակի կացարաններում տեղադրել կրակմարիչներ և խիստ հսկողություն սահմանել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ՝ նա պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: