Ռուսաստանը Հայաստանից Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ստացել: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ոչ, կոնցեսիայի դադարեցման վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չենք ստացել, սակայն անընդհատ լսում ենք այդ մասին հրապարակային հարթակում հնչող հայտարարությունները», – Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին ասել է Օվերչուկը, հայտնում է Interfax-ը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է բոլոր հարցերը խորհրդակցությունների և երկխոսության ձևաչափով հանգիստ կարգավորելուն։
«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը, շարունակել կոնցեսիան Հայաստանում», – ասել է Օվերչուկը։
Մասնավորապես, նրա խոսքով՝ առաջարկներ են հնչել առանձին հատվածների վերաբերյալ, որոնք Հայաստանի երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են։
«Մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է մի կոճղափայտը մյուսից առանձնացնել, բայց այնտեղ նման մտքեր են շրջանառվում», – հավելել է փոխվարչապետը։
Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշումներ է ընդունել՝ աջակցելու Ադրբեջանի Նախիջևանի հետ սահմանին և Գյումրիում Հայաստանի երկաթուղու երկու փոքր հատվածների վերականգնմանը։
«Դրանք նույնպես պատրաստ ենք վերականգնել։ Եվ, ըստ էության, մենք այդ հարցով բանակցություններ ենք վարել հայերի հետ, բայց հետաքրքիր է, որ հենց Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել երկաթուղու այդ երկու շատ կարևոր հատվածների վերականգնմանը, որոնք իսկապես կապահովեն Հայաստանի երկաթուղիների կապը և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, բառացիորեն հաջորդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կոնցեսիային Ռուսաստանի մասնակցությունն իբր Հայաստանին զրկում է երկաթուղիների զարգացման հարցում որոշ մրցակցային առավելություններից», – նշել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ներկայում դժվար է գնահատել, թե Հայաստանի երկաթուղիների կապն արտաքին աշխարհի մնացած հատվածի հետ ինչպես է ապահովվելու՝ առանց Ռուսաստանի երկաթուղիների հետ կապի։
«Բայց սա այնպիսի քննարկում է, որն ունի բարձր մասնագիտական, փորձագիտական բնույթ», – ասել է փոխվարչապետը։
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու մի քանի հատվածների շտապ վերականգնման համար դիմել է Ռուսաստանին։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ արծարծվել են նաև այդ հարցերը։ ՀՀ երկաթուղիների կառավարիչը 2008 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն է` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը: