«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Հասարակություն

07.08.2026 | 17:41

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Սարգիս Գևորգյանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեությունը։

Արտադրամասը գործում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և արտադրում է «Ռուսալկա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքներ։

Տեսչական մարմնի որոշման հիմքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են։ Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ արտադրական տարածքների կառուցվածքը և պայմանները չեն ապահովել սննդամթերքի աղտոտման կանխարգելման պահանջները։

Մասնավորապես, հայտնաբերվել են արտադրական շինությունների, հատակների, դռների և առաստաղների անհամապատասխանություններ, ինչպես նաև մաքրման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի գործընթացների ոչ պատշաճ կազմակերպում։

Բացի այդ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները և տարաները չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին և չեն գտնվել պատշաճ վիճակում։

Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ՝ արձանագրված խախտումները վերացնելու համար։

Leave a comment