ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Ֆարմանյանի գնահատմամբ՝ իշխանությունների քաղաքականության հետևանքով խաթարվել է երկրի «տնտեսական խաղաղությունը»։
«Իրենք խաթարել են տնտեսական խաղաղությունը, որը ոչ միայն արտահանման սահմանափակումներով է սահմանափակվում, այլ նաև սեփականության իրավունքի ոտնահարմամբ, սեփականության խլմամբ։ Այս ամբողջի հանրագումարը նշանակում է, որ խաթարված է տնտեսական խաղաղությունը»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին և Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Ֆարմանյանը նշեց, որ Հայաստանի հիմնական խնդիրն այսօր ոչ թե ԵԱՏՄ-ի, այլ կառույցի «լոկոմոտիվ» հանդիսացող Ռուսաստանի հետ է, և այդ հարաբերություններում առաջացած խնդիրներն իրենց ազդեցությունն ունեն նաև ԵԱՏՄ-ի շրջանակում։
Նա նաև հստակեցրեց իրենց քաղաքական դիրքորոշումը.
«Չլինել հակառուս և լինել ռուսամետ՝ դրանք տարբեր բաներ են։ Մենք հակառուս չենք, բայց ոչ էլ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք»։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելուն և որևէ հաջողություն արձանագրելուն, Ֆարմանյանը արձագանքեց.
«Չեմ կարծում, որ լուրջ հաջողություններ կարձանագրվեն։ Տա Աստված, որ հաջողության հասնի Նիկոլ Փաշինյանը, որովհետև իր անհաջողություններից տուժում են մեր հայրենակիցները, մեր գյուղատնտեսները, ձկնաբույծները, կաթնամթերք արտադրողները, և դա մոտավորապես վեց-յոթ ամիս հետո ընդգրկելու է մինչև 200-250 հազար մարդու, այսինքն՝ այդքան մարդ ունենալու է սոցիալական խնդիր։ Ցավոք՝ լավ կանխատեսումներ չունեմ»։