2027 թվականից խաղատնային գործառույթները կվերահսկվեն նոր պլատֆորմի միջոցով. Փաշինյան

2027 թվականից խաղատնային գործառույթները կվերահսկվեն նոր պլատֆորմի միջոցով. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2027 թվականի հունվարի 1-ից օնլայն խաղադրույքային և խաղատնային բոլոր գործառույթները անցնելու են Randm systems international limited ընկերության պատրաստած պլատֆորմի միջով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանելու մասին ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանի առաջարկին:    

«Սրանով առաջինը բացառելու ենք ստվերը, երկրորդ՝ այն պարագայում, երբ մարդկանց համար սահմանափակումներ ենք դնում, որ իրենք չեն կարող խաղադրույքներ կատարել, այդ սահմանափակումները կիրառելու ենք: Հիմա սահմանված է դա, բայց շատ դեպքերում չենք կարող կիրառել գործիքը չունենալու պատճառով: Երրորդն էլ՝ որոշակի հարկային գրծիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու, ընդհանուր առմամբ դաշտը ավելի թափանցիկ ենք դարձնելու»,-հայտարարեց վարչապետը:

Նրա խոսքով՝ այս ոլորտում էական առաջընթաց է գրանցվել վերջին 8 տարիների ընթացքում, սահմանափակվել են խաղատնային գովազդները, ավելացել է հարկային բեռը, էական քայլեր են կատարվել ստվերը կրճատելու ուղղությամբ:

Ըստ Փաշինյանի՝ նման համակարգի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի նաև օգնել այն մարդկանց, ովքեր շարունակական խաղադրույքներ կատարելու խնդիրներ ունեն:

Վարչապետն ընդգծեց, որ թե՛ անձի, և թե՛ իր հարազատների կողմից ներկայացված դիմումի հիման վրա հնարավոր կլինի արգելք դնել վերջինիս կողմից խաղադրույքներ կատարելու վրա:

Leave a comment