Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր կառավարության առաջին նիստում շնորհավորեց նորանշանակ պաշտոնյաներին՝ նշանակման առիթով և նշեց, որ առաջիկայում կանդրադառնան կառավարության առաջնահերթություններին։
«Առաջիկայում կանդրադառնանք մեր անելիքներին, սակայն ամբողջական անդրադարձ կունենանք Կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրի քննարկումների ընթացքում։ Ակնհայտ է, որ մեր աշխատանքի մեծ մասը շարունակական բնույթ է կրելու, բայց նաև ակնհայտ է, որ պետք է որոշ վերանայումներ իրականացնենք, որպեսզի մեր գործունեությունն ավելի արդյունավետ լինի»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է մանրամասն վերլուծել թե՛ այն ուղղությունները, որտեղ ակնկալվող արդյունքները չեն գրանցվել, և հասկանալ դրանց պատճառները, թե՛ այն ոլորտները, որտեղ հաջողություններ են եղել, որպեսզի դրանք դարձնեն ավելի արդյունավետ։
«Պետք է անենք անհրաժեշտ հետևություններ, իսկ այն, ինչ ստացվել է, նույնպես վերլուծենք և փորձենք մեր աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել»,- ընդգծեց վարչապետը։