Ինչի՞ համար է պարոն Մեդվեդևը անում նման հայտարարություններ, այդ սպառնալիքներն ինչի՞ համար են. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուրիշն էլ կարող է ասել, որ ցանկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի տարբեր տեղերում պայթյուններ են հնչում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին թե, ինչո՞ւ է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարում, որ Հայաստանը կարող է վերածվել Ուկրաինայի:
«Հայաստանը Հայաստան է, և Հայաստանը որևէ ուրիշ բանի չի վերածվի: Հայաստանը վերածվելու է ավելի շատ Հայաստանի Հանրապետության, ավելի շատ ինքնիշխան պետության»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ Հայաստանը եղել է իրավիճակում, երբ 2022 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ-ը Հայաստանի առաջ ունեցած իր դաշնակցային պարտավորությունները չկատարեց:
«Ընդհանրապես ինչի՞ համար է պարոն Մեդվեդևը անում նման հայտարարություններ, մանավանդ ես իր հետ աշխատելու, շփվելու առիթ ունեցել եմ: Սակայն, հիմա այդ սպառնալիքներն ինչի՞ համար են»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով հարցին թե, արդյո՞ք այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր են հանդիպումներ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Փաշինյանը նշեց, որ գագաթնաժողովի ձևաչափը հնարավորություններ է տալիս շփումների համար:
«Շփումներ, զրույցներ լինելու են, շատ դեխպքերում նախկինում էլ տեղում պայմանավորվել խոսել ենք, երբ արձանագրել ենք ինչ-որ հարցի քննարկման անհրաժեշտություն»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ պաշտոնական հանդիպումներ այնուամենայնիվ նախատեսված չեն: