ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել

Քաղաքականություն

05.08.2026 | 18:34

Ուկրաինայի Եվրոպական ինտեգրման հարցերով նախկին փոխվարչապետ, Միացյալ Նահանգներում նախկին դեսպան Օլգա Ստեֆանիշինային նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել, հայտնել է Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնը, գրում են ուկրաինական լրատվամիջոցնեչրը։

«Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն դատարանը ներկայում նրա համար խափանման միջոց է ընտրում: Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ, սակայն նիստի սկզբում Ստեֆանիշինայի պաշտպանությունը խնդրել է հետաձգել նիստը»,- գրել է կենտրոնը։

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAPO) նրան մեղադրանք են առաջադրել։

Հուլիսին Ուկրաինայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն (Եվրոպական համերաշխության խմբակցություն) հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել Ստեֆանիշինայի դեմ․ նրան կասկածում են իշխանության կամ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, որը հանգեցրել է ծանր հետևանքների (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մաս): Գործը հարուցվել է 2025 թվականի հունիսի 11-ին։

Ուկրաինական լրատվամիջոցները հետաքննություն էին իրականացրել Ստեֆանիշինայի նախկին ամուսնու՝ Միխայիլի վերաբերյալ։ Նշվում էր, որ նա ոչ պաշտոնական զրույցներում ներկայացել է որպես Ուկրաինայի ակտիվների որոնման և կառավարման գործակալության ստվերային համակարգող, և որ նրա հետ կապված ընկերությունն արդեն ստացել է չորս ակտիվ կառավարման համար: Ստեֆանիշինան այդ ժամանակ լրագրողներին ասել էր, որ ինքը «կապ չունի նախկին ամուսնու բիզնեսի կամ որևէ գործունեության հետ», և հետաքննության հրապարակումից հետո դադարեցրել է նրա հետ շփվելը:

Օգոստոսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստեֆանիշինային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ազատելու հրամանագիր էր ստորագրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment