Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման

Երևանում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը մի շարք վարչական շրջաններում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հուլիսի 29-30-ին և օգոստոսի 2-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին։ Շենգավիթ վարչական շրջանում գերազանցումներ չեն արձանագրվել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում՝ հուլիսի 31-ին և օգոստոսի 2-4-ը, Նոր Նորքում՝ հուլիսի 29-31-ը, օգոստոսի 2-ին և 4-ին։ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում գերազանցումներ չեն արձանագրվել։

Միաժամանակ, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ծծմբի երկօքսիդի պարունակությունը դիտարկվող ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Leave a comment