404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.08.2026 | 12:18

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը քննադատել է «Հայփոստ» ընկերության աշխատանքը։ Որպես արտահանող գործարար՝ նա ներկայացրել է իր անձնական փորձը, որը, ըստ նրա, լավագույնս բացատրում է պետական ընկերության միլիոնավոր դրամների հասնող վնասները։

Պատգամավորը պատմել է, որ փորձել է Երևանի կենտրոնական փոստից փաստաթղթեր ուղարկել Իտալիա։ Հանրապետության հրապարակում գտնվող գլխավոր գրասենյակում 50 րոպե հերթ կանգնելուց հետո նրան տրամադրել են ծրար, որը Մնացականյանը նմանեցրել է խորհրդային տարիների մթերային խանութների փաթեթավորման թղթին, որով ժամանակին փաթաթում էին կարագն ու երշիկը։ Ավելին՝ նրան ստիպել են հասցեն գրել ձեռագիր՝ պատճառաբանելով, որ տպելու հնարավորություն չկա։

Փաստաթղթերը, որոնք պետք է հասնեին մի քանի օրում, հասցեատիրոջն են հասել միայն 45-50 օր հետո, երբ բեռն արդեն Իտալիայի մաքսակետում էր։ Մնացականյանը հեգնանքով նկատել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պատկանող կառույցը շարժվում է 19-րդ դարի մեթոդներով։

Բանախոսը շեշտել է, որ «Հայփոստի» 500 միլիոնի հասնող վնասը հաջորդ տարի կարող է դառնալ միլիարդ։ Նրա համոզմամբ՝ պետական կառավարողը չունի բիզնես մտածողություն, ինչը հանգեցնում է ցանկացած մասնավոր սեփականության ոչնչացմանը։ Որպես օրինակ նա բերել է կոնյակի գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կանխատեսելով, որ սխալ կառավարման արդյունքում տուժելու է գյուղացին, ով չի կարողանալու իրացնել իր բերքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment