ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աշխատակիցներն այսօր տարբեր պետական մարմիններով շրջելով՝ այդպես էլ հստակ պատասխան չստացան, թե իրենց հիմնարկները երբ են վերաբացվելու, երբ են սկսելու նորից աշխատել։
Նրանց հանդիպումը ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Աշոտ Ժամկոչյանի հետ նույնպես աշխատակիցների համար արդյունավետ չեղավ։
Ծաղկաձորի «Ռոյալ Սքայ» ռեստորանի տնօրեն Արմինե Դավթյանը լրագրողներին ասաց, որ ևս երկու օր են սպասելու, և եթե իրենց հիմնարկները չբացվեն, իրենք վրաններով քննչական մարմնի և կառավարության շենքերի առջև նստացույց կսկսեն։ Դավթյանի խոսքով՝ նստացույցեր, հացադուլներ և նմանատիպ ակցիաներ են անցկացնելու. «Սոված, ագրեսիվ մարդիկ ենք դառնալու, հեղեղենք փողոցները»։
Նրա խոսքով՝ իրենք մնում են այն կարծիքին, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի. «Իմ կարծիքով, մինչև պարոն Ծառուկյանի մասով հստակ որոշում չլինի, մեր հիմնարկները չեն բացվի»։
Դավթյանն ասաց, որ այսօրվա ակցիային մասնակցել են 5-6 ձեռնարկության աշխատակիցներ, բայց եթե որոշեն լուրջ ակցիաներ անել, ապա մեծաթիվ աշխատակիցներ կհավաքվեն. «Մենք հենց այնպես չենք ասում, որ 12.000 մարդ սոված է, այսօր չի աշխատում։ Իսկապես այդպես է»։
Լրագրողի դիտարկմանը, թե այսօր հայտարարվեց, որ «Արարատ» գինու, օղու, կոնյակի կոմբինատն արդեն նոր կառավարիչ ունի, չե՞ք կարծում, որ նույն ճակատագիրն է սպասվում նաև ձեր ընկերություններին, Դավթյանը պատասխանեց. «Ի՞նչ հիմքերով։ Այդպես ո՞նց կլինի։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է գա իմ տունը պետականացնի, ասի՝ դուրս արի, արդեն պետականացվե՞լ է։ Աբսուրդ է»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: