Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հասարակություն

03.08.2026 | 19:09

ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Քրեական վարույթը նախաձեռնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի՝ Դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա։ Իոաննիսյանը հայտնել էր, որ հաղորդում է ներկայացրել Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ՝ այն որակելով որպես խուլիգանության հնարավոր դրսևորում։

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են չորս տղամարդ մոտենում գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար՝ Ավետ Կոնջորյանին – խմբ.), սկսում ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում դեպքի վայրից։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և հինգ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ 

Արփի Հակոբյան

Leave a comment