Ամերիկյան խոշոր կորպորացիաները ավելի քան 800 միլիոն դոլար են տրամադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոչ առևտրային նախագծերին, այդ թվում՝ Սպիտակ տանը հանդիսությունների նոր դահլիճի կառուցման համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների պնդմամբ՝ ամերիկյան բիզնեսից միջոցների հավաքագրումը կազմակերպում է Մերեդիթ Օ’Ռուրքը, որը հանդիսանում է Թրամփի Trump Media ընկերության տնօրենների խորհրդի անդամ։
WSJ-ի տվյալներով՝ Թրամփը նրան անվանում է «խավարի արքայադուստր»՝ ընդգծելով գործարարների վրա ազդելու նրա կարողությունը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի սկզբից ի վեր SoftBank-ը նախագահական գրադարանի նախագծի համար հատկացրել է ավելի քան 50 միլիոն դոլար։
Apple-ը շուրջ 25 միլիոն դոլար է տրամադրել Սպիտակ տան հանդիսությունների դահլիճի կառուցման նախագծին։
Microsoft-ը և Amazon-ը միասին մոտ 15 միլիոն դոլար են հատկացրել ԱՄՆ նախագահի նախաձեռնություններին։
Թրամփի նախագծերի հիմնական հովանավորների թվում WSJ-ն նշում է նաև Meta ընկերությունը։ Պարբերականի հաշվարկներով՝ ընկերությունը կարող էր տրամադրել շուրջ 60 միլիոն դոլար։
Միաժամանակ նշվում է, որ Meta-ի ղեկավարությունը պարբերաբար վերանայում է իր ֆինանսական ռազմավարությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի առաջնահերթություններն ու պահանջները։