Իրանը պատրաստակամություն է ցուցաբերում հակամարտության հետագա սրման հարցում, ԱՄՆ-ում քննարկվում են նոր քայլեր․ Axios

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին հղում անելով՝ Axios պարբերականը հայտնում է, որ Իրանը Վաշինգտոնին զարմացրել է հակամարտության հետագա սրման նկատմամբ իր պատրաստակամությամբ։

Պարբերականի աղբյուրներից մեկի խոսքով՝ վերջին շրջանում Թեհրանը ցուցաբերել է «ծայրահեղ ագրեսիվ» վարքագիծ։ Նրա պնդմամբ՝ Իրանը հարված է հասցրել Հորդանանի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազային, ինչպես նաև իրականացրել է լրացուցիչ գործողություններ Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զինծառայողների դեմ։ Սակայն աղբյուրը չի հստակեցրել, թե կոնկրետ որ դեպքերի մասին է խոսքը։

Axios-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը լրջորեն քննարկում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հնարավոր հարվածներ հասցնելու տարբերակը։ Նշվում է, որ համապատասխան որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին։ Աղբյուրների գնահատմամբ՝ Վաշինգտոնը նման քայլով կարող է փորձել ստիպել Թեհրանին ընդունել հրադադարի վերաբերյալ իր պայմանները։

Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, ԱՄՆ նախագահը հրաժարվել է օգոստոսի 1–2-ը նախատեսված Իրանի դեմ լայնածավալ հարվածների ծրագրից՝ նախապատվությունը տալով բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու ևս մեկ փորձի։ Հաղորդվում է, որ Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հնարավոր գործողությունների նախապատրաստումը դադարեցվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խորհրդակցություններ է անցկացրել Պարսից ծոցի երկրների հետ, որոնք մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության հնարավոր սրման կապակցությամբ։

Հրապարակման համաձայն՝ Վաշինգտոնը մտադիր է մոտ ապագայում հասնել Օրմուզի նեղուցի վերաբացմանը, ինչպես նաև, իր ձևակերպմամբ, «վերացնել Թեհրանի կողմից ներկայացվող միջուկային սպառնալիքը»։ Նշվում է նաև, որ Սպիտակ տան ղեկավարը զգուշացրել է՝ եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը կարող է բախվել ռազմական գործողությունների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment