Ուկրաինայում շարունակվող պատերազմն ու աշխարհի տարբեր տարածաշրջաններում գրանցվող ծայրահեղ եղանակային պայմանները կարող են հանգեցնել նոր գլոբալ պարենային ճգնաժամի։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հիմնական ռիսկային գոտին շարունակում է մնալ Սևծովյան տարածաշրջանը։ Ռուսաստանն ու Ուկրաինան ապահովում են համաշխարհային ցորենի առևտրի ավելի քան մեկ քառորդը, արևածաղկի յուղի արտահանման գրեթե երկու երրորդը և եգիպտացորենի մատակարարումների շուրջ 10 տոկոսը։ Հացահատիկային ենթակառուցվածքների և բեռնատար նավերի նկատմամբ փոխադարձ հարձակումների ֆոնին հուլիսին ցորենի համաշխարհային գներն աճել են ավելի քան 10 տոկոսով, ինչը 2024 թվականից ի վեր ամենամեծ ամսական աճն է։
Իրավիճակը բարդանում է նաև այլ խոշոր գյուղատնտեսական տարածաշրջաններում առաջացած խնդիրներով։ Եվրոպայում շոգը, երաշտը և անտառային հրդեհները կարող են հանգեցնել վերջին տասնամյակների ընթացքում հացահատիկի արտադրության ամենամեծ կրճատմանը։ Միաժամանակ Ավստրալիայում շարունակվող չոր եղանակը վտանգում է երկրի հիմնական արտահանող նահանգներից մեկում ցորենի բերքը։
Ռիսկի տակ է հայտնվել նաև բրնձի արտադրությունը, որը հանդիսանում է աշխարհի բնակչության ավելի քան կեսի հիմնական սննդամթերքներից մեկը։ Էլ Նինյո կլիմայական երևույթի ուժեղացումը կարող է երաշտ առաջացնել Վիետնամում, Ֆիլիպիններում և Հնդկաստանում, որը բրնձի աշխարհի խոշորագույն արտադրողն ու արտահանողն է։ Արդեն այժմ բրնձի գները հասել են վերջին 18 ամիսների առավելագույն մակարդակին։
Bloomberg-ի գնահատմամբ՝ ֆերմերների վրա լրացուցիչ ճնշում են գործադրում նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ֆոնին վառելիքի և պարարտանյութերի թանկացումը։