ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը գրել է․
«Բազմիցս ասել ենք, որ Նիկոլի կառավարության վարած օտարածին քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվելու է խոշոր տերությունների հակասական շահերի բախման կիզակետում։
Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ բազմամիլիարդ ակտիվներով և Հայաստանի համար ռազմավարական անփոխարինելի նշանակություն ունեցող Արցախը թշնամուն փոխանցելուց հետո, ՔՊ-ական կառավարությունը 2025 թվականից սկսած՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին հրում է դեպի նոր, վտանգավոր ծուղակ։
Հիմա կարելի է ասել, որ այդ ծուղակում ենք։ Իրավիճակը տեսնողներն ու հասկացողները պատկերացնում են ասելիքիս իմաստը։ Չհասկացողներն ու տեսնել չկարողացողները կարծում են, որ չափազանցնում եմ և անհիմն քննադատություններ եմ հնչեցնում։ Աստված նրանց հետ։
Եթե, ինչպես երևում է զարգացումներից, Միացյալ Նահանգներին չհաջողվի հնազանդեցնել Իրանին, Ռուսաստանը պահպանի և զարգացնի իր ազդեցությունը ուկրաինական ճակատում, իսկ Վրաստանում էլ ավելի թուլանա արևմտյան ազդեցությունը, ապա Հարավային Կովկասը Արևմուտքի կողմից կառավարվող միջանցքի վերածելու հեռանկարները կդառնան անհավանական։
Իրանն ավելի կոշտ կերպով կխոչընդոտի ցանկացած պայմանավորվածության, որը կընդլայնի արևմտյան կամ պանթյուրքական ազդեցությունն իր սահմանների մերձակայքում։ Մոսկվան (որոշ դեպքերում նաև Անկարան) նույնպես կձգտեն թույլ չտալ, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի արևմտյան մի շարք երկրների ռազմավարական հենակետի և դեպի Միջին Ասիա անցման ճանապարհի։
Ադրբեջանն ու Վրաստանն այս իմաստով վարում են հավասարակշռված քաղաքականություն՝ բոլոր հնարավոր սցենարների դեպքում պահպանելով իրենց ինքնուրույն դերակատարումն ու դեմքը։
Հայաստանի պարագայում գլխավոր խնդիրը դեպի Արևմուտք թեքվելու կամ Ռուսաստանի (ԵԱՏՄ-ի) հետ կապերը պահպանելու միջև ընտրությունը չէ։ Ծուղակում հայտնված Հայաստանի գլխավոր հարցն այն է, թե արդյոք մենք կկարողանա՞նք պահպանել բավարար ռազմավարական ինքնուրույնություն և վերահսկողություն սեփական տարածքների ու տարանցիկ ուղիների նկատմամբ, որպեսզի Հարավային Կովկասում մրցակցող ուժերի համար ունենանք էական դերակատարում, արժեք և կշիռ՝ միաժամանակ չդառնալով նրանց բախման զոհը։
Իշխանափոխությունից հետո դա չափազանց դժվար կլինի, բայց հնարավոր է և անհրաժեշտ։ Իսկ Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ մենք գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով։
ՔՊ-ն աշխարհաքաղաքական առևտրում արդեն ստացել է իր ուզածը՝ անցած ընտրություններում արևմտյան աջակցության տեսքով։ Փոխարենը՝ ՔՊ-ն կշարունակի բավարարել օտար շահերը, նույնիսկ եթե դա կարող է հանգեցնել բախումների կամ նոր սպառնալիքների։
Հենց այստեղ է, որ պատմական զուգահեռը դառնում է հատկապես անհանգստացնող և ծանոթ։ Հարյուր տարի առաջ Հայաստանը կրկին հայտնվել էր ընդարձակվող տարածաշրջանային տերությունների բախման կենտրոնում, որոնց ռազմավարական հավակնությունները վերջնականապես որոշեցին մեր երկրի ճակատագիրը։ Եվ որոշեցին՝ ի վնաս մեզ։
Եթե նախանշվող տարածաշրջանային վերափոխումներն իսկապես տեղի ունենան, ապա մենք վտանգում ենք դառնալ գլխավոր պարտվողը, քանի որ մեր աշխարհագրական դիրքի համար մղվող սկզբունքային պայքարում Նիկոլի կառավարության պայմաններում ինքնուրույն ընտրություն կատարելու որևէ հնարավորություն գրեթե չի մնա։
Ի՞նչ անենք։ Շարունակե՞նք ծափ տալ Ռուսաստանի հետ խորացող հակադրություններին՝ առանց մանրամասներին ծանոթ լինելու։ Առանց խորքային քննարկման ոգևորվե՞նք TRIPP նախագծով։ Միամտաբար հավատա՞նք, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեզ համար խաղաղ կյանք են նախատեսել։ Անտեսե՞նք Մերձավոր Արևելքի սպառնալից զարգացումները։ Անվերապահ հավատա՞նք ռուսներին կամ եվրոպացիներին։
Թե՞ խելքներս գլուխներս հավաքենք և լրջորեն զբաղվենք մեր երկրի խնդիրներով»։