Քաղաքականություն առանց ռազմավարության. պետական սպառնալիք

Արտաքին քաղաքականության ոլորտում ներկա կառավարության անկարողությունը բացահայտորեն դրսևորվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ապահովելու և ռազմական փուլ դրա անցումը կանխելու անկարողությամբ։ Թեև իշխանափոխության պահին ռազմական ուժերի հարաբերակցությունն արդեն փոխվում էր հօգուտ Ադրբեջանի, այնուամենայնիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդությամբ բանակցությունները շարունակվում էին, իսկ լայնածավալ պատերազմը զսպող մեխանիզմները, թեկուզ ոչ լիարժեք, դեռ գործում էին։ 2018թ. զավթելով իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊԿ) կառավարությունն ի սկզբանե չուներ և հետագայում էլ չկարողացավ մշակել հետևողական բանակցային դիրքորոշում, պահպանել գործող մեխանիզմները և հանրային հռետորաբանությունը համապատասխանեցնել ուժերի իրական հարաբերակցությանը։ Ադրբեջանը հմտորեն օգտագործեց ՀՀ գլխավոր բանակցողի քաղաքական հայտարարությունների, դիվանագիտական հնարավորությունների և անվտանգության համակարգի վիճակի միջև առաջացած հակասությունները, Թուրքիայի աջակցությամբ ու մասնակցությամբ պատերազմ սանձազերծեց և հաղթանակ տարավ։

Ռազմական, ապա նաև դիվանագիտական պարտությունից հետո կառավարությունը ձեռնամուխ եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պաշտոնական մեկնաբանության արմատական վերանայմանը։ Վարած քաղաքականության սթափ վերլուծության փոխարեն այն ամբողջ մեղքը բարդեց նախկին ղեկավարությունների վրա։ Ավելին՝ իշխող վարչակարգի առաջարկած մեկնաբանության մեջ հետին պլան մղվեց Ադրբեջանի պատասխանատվությունը հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու և դրան հաջորդած՝ Արցախի բնիկ հայ բնակչության զանգվածային արտաքսման համար։ Ազգային աղետի պատասխանատվության մի մասն էլ վերագրվեց ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, որոնք, ըստ ՀՀ ղեկավարության, չապահովեցին մեր անվտանգությունը և չկատարեցին իրենց դաշնակցային պարտավորությունները։

Դրան հաջորդեցին ոչ թե միջազգային հարաբերություններին բնորոշ երկկողմ կապերի սովորական վատթարացումը, այլ հայ-ռուսական փոխգործակցության մոդելի վերանայումը։ Շուտով անվտանգության ոլորտում դաշնակցային կառուցակարգի կազմաքանդումը տարածվեց նաև տնտեսական հարաբերությունների վրա։

Պատահական չէ, որ վերջին խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանը երկու անգամ փորձեց հայ-ռուսական տնտեսական փոխգործակցությունը վերադարձնել սովորական հուն՝ նախ հուլիսի 6-ին Եկատերինբուրգում Մ. Միշուստինի հետ հանդիպման, ապա հուլիսի 27-ին Վ.Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սակայն երկու նախաձեռնություններն էլ ի սկզբանե դատապարտված էին անհաջողության, քանի որ ՀՀ կառավարության ղեկավարը շարունակում է Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումները ներկայացնել որպես բացառապես տնտեսական քաղաքականության և ԵԱՏՄ կանոնների պահպանման հարց, մինչդեռ Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ ՌԴ-ն մտադիր չէ տնտեսական հարաբերությունները դիտարկել Երևանի արտաքին քաղաքական ռազմավարությունից մեկուսի և հետագա համագործակցության պայմանները կապում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հետ։

Ստեղծված պայմաններում Հայաստանն ունի ռազմավարական ուղեգծի երեք հիմնական տարբերակ։

  1. Հրաժարում եվրոինտեգրման ուղեգծից։

Տնտեսական ճնշման սաստկացման սպառնալիքի ներքո և դրա հետևանքներից խուսափելու նպատակով ՀՀ կառավարությունը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու ուղեգծից։

  1. Չկառավարվող խզում։

Չնայած այլընտրանքային շուկաների, էներգիայի աղբյուրների և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմների բացակայությանը՝ Հայաստանը շարունակում է ՌԴ-ից և ԵԱՏՄ-ից հեռացման ուղեգիծը։ Նման սցենարը հղի է արտահանման կտրուկ նվազմամբ, էներգակիրների և սպառողական ապրանքների գների աճով, աշխատատեղերի կորստով, դրամական փոխանցումների ծավալի և բնակչության եկամուտների նվազմամբ, ինչպես նաև բյուջեի և ազգային արժույթի նկատմամբ ճնշման ուժեղացմամբ։ Այս հետևանքների ամբողջությունը ամենայն հավանականությամբ կառաջացնի լիամասշտաբ սոցիալ-տնտեսական ճգնաժամ՝ ներքաղաքական ապակայունացմամբ և գործող իշխանության լեգիտիմության հետագա թուլացմամբ։

  1. Կառավարվող անցում եվրասիականից եվրոպական ինտեգրման։

Հայաստանը ձգտում է հնարավորինս պահպանել քաղաքական երկխոսությունն ու տնտեսական համագործակցությունը ՌԴ-ի հետ այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է, և միաժամանակ շարունակում գործուն այլընտրանքների ստեղծումը։ Նման ուղեգծի իրականացումը կպահանջի ԵՄ-ի և այլ արևմտյան գործընկերների հետ համապարփակ անցումային փաթեթի մշակում և համաձայնեցում, որոնք կապահովեն տնտեսության կառուցվածքային ադապտացման ֆինանսավորումը, պետության, բիզնեսի և բնակչության հիմնական կորուստների փոխհատուցումը, ինչպես նաև՝ բյուջեի, բանկային համակարգի և ազգային արժույթի նկատմամբ ճնշման ուժեղացման դեպքում՝ մակրոֆինանսական աջակցությունը։ Հակառակ դեպքում Արևմուտքի հետ գործընկերությունը ձեռք է բերում վտանգավոր անհամաչափության բնույթ. անցման ռիսկերը ստանձնում է Հայաստանը, մինչդեռ ռուսական ազդեցության ոլորտից Հայաստանի դուրսբերումն ապահովելու հարցում արևմտյան գործընկերների պարտավորությունները մնում են սահմանափակ և չամրագրված։ Միաժամանակ Հայաստանի կառավարությունը պետք է իրականացնի խորքային համակարգային բարեփոխումներ, որոնք թույլ կտան արտաքին օգնությունն ուղղել տնտեսության կառուցվածքային վերափոխմանը, այլ ոչ միայն ընթացիկ կորուստների փոխհատուցմանը։ Խոսքը պետական կառավարման որակի բարձրացման, սեփականության իրավունքների և մրցակցության պաշտպանության, դատաիրավական համակարգի ամրապնդման, արտահանմանը միտված արտադրության զարգացման և ՌԴ-ից էներգետիկ կախվածության կրճատման մասին է։

Երաշխավորված ու անհրաժեշտ արտաքին աջակցության և հետևողական ներքին բարեփոխումների համադրությունն անցումային շրջանը չի դարձնի պակաս ցավոտ, սակայն կարող է թույլ պահպանելու դրա հարաբերական կառավարելիությունը, ժամանակի մեջ բաշխել ծախսերը և նվազեցնել արտաքին քաղաքական վերակողմնորոշման՝ լայնածավալ սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճգնաժամի վերաճելու վտանգը։

Թվարկածս սցենարներից յուրաքանչյուրն ունի իր գինը, իսկ դրա իրագործման հնարավորությունը որոշվում է համապատասխան ներքին և արտաքին նախադրյալների առկայությամբ։ Այսպես՝ եվրոինտեգրման ուղեգծից հրաժարումը կսահմանափակի Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության ազատությունը և լուրջ հեղինակային կորուստներ կառաջացնի ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ չկառավարվող խզումը հղի է սոցիալ-տնտեսական ցնցմամբ և ներքին խռովություններով։ Կառավարվող եվրոինտեգրումը կպահանջի լիարժեք տնտեսական, էներգետիկ և ինստիտուցիոնալ այլընտրանքների ստեղծում։ Դրա իրականացումը հնարավոր է միայն արևմտյան գործընկերների լայնածավալ և երկարաժամկետ հանձնառությունների, համաձայնեցված անցումային ժամանակահատվածում ՌԴ-ի և ԵԱՏՄ այլ անդամ պետությունների՝ գործող դաշնակցային և պայմանագրային պարտավորությունները կատարելու պատրաստակամության, Հայաստանի մտավոր, կազմակերպական և քաղաքական առավելագույն մոբիլիզացման, ինչպես նաև անցման հստակ ձևակերպված նպատակների շուրջ առավելագույն հասարակական համախմբման համադրման դեպքում։

Վերջին ընտրությունների արդյունքները և դրանց հաջորդած ներքաղաքական զարգացումները հիմք չեն տալիս ակնկալել պետական գործունակության, քաղաքական դերակատարների բավարար հասունություն և հասարակական համախմբման այնպիսի մակարդակ, որն անհրաժեշտ է եվրասիականից եվրոպական ինտեգրման կառավարվող անցումն իրականացնելու համար։ Ներկայիս միջազգային պայմանները նույնպես հիմնավոր կասկածներ են հարուցում՝ արդյո՞ք մեր արևմտյան գործընկերները պատրաստ են ստանձնել նման անցման հիմնական ծախսերը փոխհատուցելու երկարաժամկետ և ռեսուրսատար հանձնառություններ։ Ստեղծված հանգամանքներում անցնցում գոյություն չունի։ ՀՀ կառավարության քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է ոչ թե բարենպաստ և անբարենպաստ տարբերակների, այլ այնպիսի սցենարների միջև ընտրության առջև, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է էական տնտեսական, սոցիալական, քաղաքական և ռազմավարական ծախսեր։

Տողերիս հեղինակը և այլ փորձագետներ բազմիցս ընդգծել են, որ Հայաստանի, այսպես կոչված, եվրոպական ինտեգրման գործընթացը հռչակվել է այդպիսի տրանսֆորմացիայի նյութական, քաղաքական և գաղափարական նախադրյալների ձևավորումից շատ առաջ։ Կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձի հնարավորությունների սահմանափակ լինելը 2013թ. գիտակցեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը՝ հարկադրված կամ սեփական համոզմունքներից ելնելով, անսպասելիորեն հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի ստորագրումից՝ հօգուտ եվրասիական ինտեգրման։ Այդ որոշումը խաթարեց իշխանության նկատմամբ վստահությանը թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս և դարձավ կառավարության հասարակական լեգիտիմության թուլացման գործոններից մեկը, որն ամբողջությամբ դրսևորվեց 2018թ. գարնանը։

«ՔՊ»-ն 2020թ. պատերազմում Հայաստանի պարտությունից և դրան հաջորդած՝ Արցախի հանձնումից հետո ձեռնամուխ եղավ երկրի ռազմավարական կողմնորոշման վերանայմանը՝ չունենալով ԵՄ-ի հետ մշակված ու համաձայնեցված անցումային ծրագիր, հնարավոր կորուստների փոխհատուցման երաշխավորված մեխանիզմներ և ՌԴ-ից կրիտիկական կախվածությունը նվազեցնելու իրական այլընտրանքներ։ Քաղաքական մեծամասնության արկածախնդրության գագաթնակետը դարձավ 2025թ. մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ի կողմից՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը սկսելու մասին բացարձակապես հռչակագրային օրենքի ընդունումը։ Թեև օրինագիծը ներկայացվել էր քաղաքացիական նախաձեռնության կարգով, կառավարությունը միաձայն աջակցեց դրան, իսկ ԱԺ-ում դրա ընդունումն ապահովվեց «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչների խմբակցության ձայներով։ Այդպիսով, ռազմավարական բնույթի որոշումն ինստիտուցիոնալացվեց՝ առանց ԵՄ-ի հետ անցումային ծրագրի մշակման, դրա սոցիալ-տնտեսական հետևանքների գնահատման և հնարավոր կորուստների փոխհատուցման մեխանիզմների ստեղծման։

Ութ տարուց ավել փորձ ունեցող ՔՊ կառավարության արտաքին քաղաքականության համակարգային արատը ռազմավարության բացակայությունն է. հայտարարված նպատակները չեն համադրվում երկրի ռեսուրսների և ներուժի հետ, որոշումներն ընդունվում են առանց անհրաժեշտ հաջորդականության և այլընտրանքային սցենարների ու դրանց առնչվող ծախսերի պատշաճ գնահատման, իսկ ճգնաժամային կառավարման մեխանիզմների ձևավորումը մեկնարկում է միայն քաղաքական մանևրի դաշտի վտանգավոր սեղմումից հետո։

Արցախի կորուստը կանխելու անկարողության հետ մեկտեղ ԵՄ-ին անդամակցելու ուղեգծի վաղաժամ նախաձեռնումը կարող է դառնալ «ՔՊ» կառավարության երկրորդ պատմական սխալը։ Երկու դեպքերն էլ վկայում են երկրի արտաքին քաղաքական ռազմավարությունը կեղծ գաղափարախոսությամբ և քաղաքականապես պայմանավորված կոնյունկտուրային նպատակադրմամբ փոխարինելու մասին։ Արտաքին քաղաքականության պատեհապաշտական գաղափարականացումը թույլ է տալիս յուրաքանչյուր ճգնաժամ և մարտահրավեր օգտագործել որպես հերթական ռազմավարական շրջադարձի առիթ։ Ներկայում իրականացվող քաղաքականությունը չի նպաստում պետության դիվանագիտական, տնտեսական և ռազմաքաղաքական դիրքերի հետևողական ամրապնդմանը, այլ ստիպում է երկրի սահմանափակ ռեսուրսները ուղղել ռազմավարական առումով հում որոշումների չնախատեսված հետևանքների ճգնաժամային կառավարմանը։ Հենց դա էլ վերջին ութ տարիների ընթացքում մեծապես պայմանավորել է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության բովանդակությունը։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր (1990-99թթ.)

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

«Առավոտ» օրաթերթ
01.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment