Հուլիսի 28-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։
Այդ օրը՝ ժամը 01.30–ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի ժամ առաջ Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցի հասցեներից մեկում, կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյնաը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ ինկասատոր–վարորդ, Երևանի բնակիչ, 51-ամյա Լաերտ Գ–ն հայտնել է, որ ինկասացիա կատարելու ժամանակ սաղավարտով՝ իրեն անծանոթ անձը բացել է ինկասացիոն «Skoda» մակնիշի ավտոմեքենայի հետևի դուռը և սրահից հափշտակել է 34 հատ դրամական կապոցներով լցված պայուսակը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կողոպտիչը դիմել է փախուստի, իսկ Լաերտ Գ․–ն հետապնդել է նրան, սակայն վերջինիս չի կարողացել բռնել, իսկ այդ ընթացքում կողոպտիչի մոտից փախուստի ժամանակ թափվել է 12 հատ դրամական կապոց։
Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կողոպտիչին հաջողվել է տանել խոշոր չափի գումար։