Ավո Ադամյանը վերադառնում է նոր դերակատարմամբ՝ մասշտաբային հեռուստասերիալում

Դերասան և երգիչ Ավո Ադամյանը մասնագիտական գործունեության ցանկացած ոլորտում աշխատում է մեծագույն բծախնդրությամբ։ Նա այսօր ամենապահանջված և զբաղված դերասաններից է` երկրպագուների մեծ բանակով։ Aravot.am-ի հետ զրույցում Ավո Ադամյանը նշեց, որ արդեն հարմարվել է բազմազբաղության նման ռիթմին՝ այդ պայմաններում էլ մշտապես բարձր պահելով մասնագիտական նշաձողը։

Նրա մարմնավորած կերպարները խոհուն են, զգացմունքային, առնական և անչափ մարդկային, ինչի շնորհիվ Ավոյի մասնակցությամբ հեռուստասերիալները դիտելիս հանդիսատեսը դժվարությամբ է կտրվում էկրանից։ Հատկապես «Սիրո թակարդում» և «Սիրուց հետո» հեռուստասերիալներում դերասանն իր պրոֆեսիոնալ և համոզիչ խաղով արդեն հասցրել է գրավել բազմաթիվ հեռուստադիտողների համակրանքը։

Ավո Ադամյանից տեղեկացանք, որ շուտով կմեկնարկի իր մասնակցությամբ հերթական մեծածավալ նախագիծը։ Խոսքը նոր հեռուստասերիալի մասին է, որի նկարահանումների մեծ մասն իրականացվելու է ԱՄՆ-ում։ Հեռուստասերիալում ներկայացվելու են այսպես կոչված՝ հայկական պատմություններ, այսինքն՝ թեմաներ, որոնք հոգեհարազատ կլինեն հայ հեռուստադիտողին։ Սերիալը բաղկացած կլինի 32 մասից։ Ստեղծագործական կազմի հավաստմամբ՝ այն կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կունենա բարձր արտադրական որակ։

Նախագծի պրոդյուսեր Գոհար Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ Լոս Անջելեսում նկարահանված և USArmenia-ով ու YouTube-ում ցուցադրված վերջին համատեղ նախագիծը մեծ հաջողություն է ունեցել։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մաս հավաքել է ավելի քան 600.000 դիտում՝ այդպիսով դառնալով հայկական մեդիայի ամենադիտված հեռուստանախագծերից մեկը։

Պրոդյուսերը նաև հայտնեց, որ մշտապես բազմաթիվ նամակներ և հաղորդագրություններ էին ստանում․ մարդիկ հետաքրքրվում էին, թե Ավոն երբ է վերադառնալու նոր հեռուստասերիալով։ Գոհար Գրիգորյանի խոսքով՝ դա երկար ժամանակ հնարավոր չէր դերասանի գերզբաղված գրաֆիկի պատճառով, սակայն այժմ արդեն ուրախությամբ կարող է ազդարարել նոր նախագծի մեկնարկի մասին։

Ի թիվս այլնի, նա նշեց, որ նախագիծը լինելու է ամբողջությամբ օրիգինալ պատմություն՝ հատուկ գրված այս հեռուստասերիալի համար։ Ներկայումս ստեղծագործական թիմը գտնվում է ակտիվ նախապատրաստական փուլում։ Քասթինգը գրեթե ավարտված է, ընթանում են վերջնական ստեղծագործական և տեխնիկական աշխատանքները, իսկ նկարահանումների մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 20-ին։

Նախագծի հեղինակները վստահ են, որ այն կարող է դառնալ տարվա ամենասպասված հայկական հեռուստանախագծերից մեկը։ Մի քանի շաբաթ անց հայտնի կդառնա դերասանական կազմի ամբողջական ցանկը, կներկայացվի հեռուստասերիալի թրեյլերը, ինչպես նաև կհրապարակվի պաշտոնական պրեմիերայի ամսաթիվը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment