Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian

Քաղաքականություն

31.07.2026 | 16:45

Կիևի վրա բալիստիկ հրթիռային հարվածը ոչնչացրել է հեռահար անօդաչու թռչող սարքեր արտադրող ամերիկյան ընկերության գործարանը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ. ռուսական հրթիռը հարվածել է Terminal Autonomy-ին պատկանող օբյեկտին, որը Դելավերում գրանցված ամերիկյան ընկերություն է և Ուկրաինայում AQ-400 Scythe և AQ-100 Bayonet հարվածային  անօդաչու թռչող սարքեր էր արտադրում։

«Ըստ երևույթին, սա ներկայիս հակամարտության ընթացքում առաջին դեպքն է, երբ Մոսկվան հարվածում է ամերիկյան ընկերության»,- գրում է The Guardian-ը։

Աղբյուրների տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհեր չկան։

Կիևում գործարանի վրա հարձակման մասին կիրակի հաղորդել էր  ռուսական պետական ՏԱՍՍ ​​լրատվական  գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։ Հաղորդագրության մեջ չէր նշվում, որ գործարանը պատկանում է ամերիկյան ընկերության, սակայն ասվում էր, որ այնտեղ աշխատում են «ուկրաինա-ամերիկյան ընկերության մասնագետներ»։

Terminal Autonomy-ն և Ուկրաինայի ՊՆ-ն չեն պատասխանել The Guardian-ի մեկնաբանության հարցմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment