Ազատություն կայքը գրում է․
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։
Ինչպե՞ս է նշանակվել Ալեքսանյանը
Հայաստանյան փոստային կապի օպերատորը 2006-ից հանձնված էր հավատարմագրային կառավարման արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը։ 2020-ին հավատարմագրային կառավարման ժամկետն ավարտվեց, ու այն անցավ պետության կառավարմանը։
«Հայփոստ»-ի տնօրենը նշանակվում է ընկերության դիտորդ խորհրդի կողմից՝ մրցութային կարգով։ «Ազատություն»-ը դիմել է «Հայփոստ»-ին և ընկերության կառավարումն իրականացնող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ մրցութային նիստերի բոլոր արձանագրությունները տրամադրելու խնդրանքով, ինչպես նաև խնդրել է տեղեկացնել, թե «Հայփոստ»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին քանի անձ և ովքեր են մասնակցել։ Ո՛չ ընկերությունից, ո՛չ նախարարությունից այս հարցերին չեն պատասխանել։ Իսկ ովքե՞ր են «Հայփոստ»-ի դիտորդ խորհրդի անդամները. պետական ընկերության ղեկավար կազմի մասին այս տեղեկությունները ևս չեն տրամադրվել «Ազատությանը»․ ըստ «Հայփոստ»-ի՝ դրանք անձնական տվյալներ են։
Փաստացի, «Հայփոստ»-ի և այն կառավարող նախարարության պատասխաններից հնարավոր չէ հասկանալ՝ որքանով է ընկերության տնօրենի մրցույթը եղել անաչառ ու մրցակցային, և կառավարչական որ արժանիքների համար է հենց Հայկ Կոնջորյանի կինը նշանակվել այդ պաշտոնում։
Բարձր աշխատավարձ՝ գոյություն չունեցող բանաձևի հիման վրա
Պաշտոնական աղբյուրները հրաժարվել են նաև մանրամասնել՝ ինչպես է գոյացել «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը, որն ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի գերազանցում է 3.6 միլիոն դրամը։ Այդ աշխատավարձը սահմանում է ընկերության բաժնետերը, այսինքն՝ Կառավարությունն ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Ի՞նչ բանաձևով է ձևավորվում «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը, «Ազատություն»-ը հետաքրքրվել էր նախարարությունից, որտեղից ի պատասխան հայտնել են՝ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև առկա չէ», չկան չափորոշիչներ ու առանձին սկզբունքներ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրաժարվել է նաև տրամադրել «Հայփոստ»-ի բաժնետերերի ժողովում ընդունված որոշումների արձանագրությունները՝ համարելով առևտրային գաղտնիք։ Նախարարությունից մերժել են նաև տեղեկություններ տրամադրել վերջին 6 տարվա կտրվածքով «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձի, դրա դինամիկայի վերաբերյալ։
«Հայփոստ»-ի տնօրենի տեղակալներն են Արման Աբրահամյանն ու Արտակ Ղուլյանը։ Վերջիններիս վարձատրության մասին տեղեկությունները ևս անհասանելի են։ Այնուհանդերձ, ընկերության 2025-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ ընկերության հիմնական ղեկավար անձնակազմի գծով աշխատավարձային ֆոնդը 2025-ին աճել է ավելի քան 28 տոկոսով՝ 176.7 միլիոնից հասնելով 227.2 միլիոն դրամի։
Աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ՝ հասույթը նվազել է, վարկերը՝ աճել
Փոստային օպերատորի 2025-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ ընկերության հասույթը մոտ 7 տոկոսով նվազել է՝ 9.8 միլիարդից հասնելով 9.1 միլիարդ դրամի։ Ընդ որում, այդ նվազումը տեղի է ունեցել փոստային առաքման ծառայությունների, կենսաթոշակի ու նպաստների վճարման միջնորդավճարների, ապրանքների վաճառքի ուղղություններով։ Նվազել է նաև «Հայփոստ»-ի համախառն շահույթը՝ 1 միլիարդ 475 միլիոնից հասնելով 1 միլիարդ 27 միլիոն դրամի, ինչպես նաև՝ վճարած հարկերը։ Ընկերությունը 2025-ին բյուջե էր վճարել 3.4 միլիարդ դրամի հարկ՝ 2024-ին վճարածից ավելի քան 300 միլիոնով քիչ։
Սրան զուգահեռ՝ բազմակի ավելացել են պետական ընկերության վարկային պարտավորությունները։
2024-ի համեմատ, մասնավորապես, ընկերության վարկերը մոտ 6 անգամ աճել են՝ 58 միլիոնից հասնելով 396 միլիոն դրամի։ 200 միլիոնը բանկերից ներգրաված վարկեր են, որոնք վերցնելու նպատակներն ու դրանց դիմաց գրավադրված գույքի մանրամասները ընկերությունը հրաժարվել է հայտնել։ Մյուս 196 միլիոն դրամը ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պարտավորություններ են։
«Հայփոստ»-ն ունի 4 դուստր ընկերություն, որոնցից մեկը փոստային ընկերության ամերիկյան մասնաճյուղն է, մյուսը զբաղվում է մանրածախ առևտրով ու հարակից ծառայություններով, երրորդը՝ «Այնովեյշն»-ը զբաղվում է ծրագրային ապահովմամբ ու ՏՏ լուծումներով, իսկ «ԷյչՓի լոջիստիկս» ՓԲԸ-ն զբաղվում է փոխադրման ծառայություններով։ Վերջին անգամ, ըստ պաշտոնական լրահոսի, «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է ունեցել 2.5 տարի առաջ։
«Հայփոստ»-ի տնօրենի ընտրության, նրա աշխատավարձի ձևավորման, վարկային միջոցների նպատակահարմարության մասին մի շարք հարցեր անպատասխան թողնելով՝ ընկերությունից «Ազատության»-ը փոխանցել են, որ եթե տարվա արդյունքներով ֆինանսական վատթարացում լինի, այն չի ազդի տնօրենի աշխատավարձի վրա։