Իրանը հայտարարել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային նոր հարվածի մասին

Իրանը հայտարարել է Բահրեյնի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին հերթական հարվածը հասցնելու մասին։ Թեհրանի պնդմամբ՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել է «Շեյխ Իսա» ավիաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինված ուժերը։

Իրանի բանակի հայտարարության համաձայն՝ հարձակման թիրախ են դարձել ամերիկյան զինուժի կողմից օգտագործվող էլեկտրագեներատորները, նավիգացիոն համակարգերը, ինչպես նաև վարչական և օժանդակ նշանակության շինությունները։

Թեհրանում նշել են, որ հարվածը պատասխան է եղել Իրանի ռազմաօդային ուժերի օդաչուի զոհվելու համար, որը, իրանական կողմի պնդմամբ, տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի սկզբում։

Իրանը նաև հայտարարել է, որ վերջին հարձակումների շարքը «զգալի վնաս» է հասցրել տարածաշրջանում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին՝ չնայած հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքին։

Իրանական կողմի տվյալներով՝ «Շեյխ Իսա» ավիաբազան ԱՄՆ-ի կարևորագույն ռազմական օբյեկտներից մեկն է Պարսից ծոցում և օգտագործվում է հետախուզական ավիացիայի, ինչպես նաև ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղակայման ու սպասարկման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment