«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանի տնից խուզարկության եկած իրավապահներն այսօր ոչինչ չեն առգրավել։ Այս մասին խուզարկությունից հետո լրագրողներին ասաց Նարեկ Կարապետյանը։
«Ման են գալիս, ինչ իրենց կհետաքրքրի։ Ոչ մի բան չեն տարել»,- ասաց Կարապետյանը։
Հարցին, թե օգոստոսի 2-ից հետո, երբ խորհրդարանը ձևավորվի, դատախազը կգա՞ իր հետևից, Կարապետյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ, կարող է գա, կարող է չգա, ոնց իրենք ուզեն»։
Անդրադառնալով իր նկատմամբ սկսված քրեական գործընթացին ու խուզարկություններին՝ Կարապետյանն ասաց, որ դա իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական։
«Քաղաքականությամբ զբաղվող մարդկանց արգելվում է քաղաքականությամբ զբաղվել, չկա որևէ այլ պատճառ։ Այս ամբողջ պատմության հիմքն այն է, որ ուզում է ասել՝ ոչ մեկը քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներից։ Այդպես չի կարող լինել, մեր երկրում պետք է քաղաքականությամբ զբաղվենք, որովհետև սխալ ճանապարհով է այդ մարդը գնում։ Սրում է հարաբերությունները։ Նույն ինքը Ադրբեջանի նախագահի հետ էր այն ժամանակ խոսում, ինչ կերանք, ինչ ստացանք։ Հիմա էլ սրում է ուրիշ երկրի՝ Ադրբեջանից 120 անգամ մեծ երկրի հետ։ Սրում է հարաբերությունները այլ երկրների հետ, ինչպես սրել էր Ադրբեջանի հետ, ինչը բերեց պատերազմ։ Մենք դեռ չենք մարսել այն թշնամուն, ինչո՞ւ նոր թշնամի է ստեղծում մեզ համար։ Թող պայմանավորվի, չի կարողանում պայմանավորվել։ Մեր հաշվին է անում, ինքը էլի իր թիկնապահներով քայլելու է։ Ով որ այս պահին Փաշինյանին ծափ է տալիս այս սրացման համար, ասում է՝ տեսեք, ինչ հակաքայլ է անում այս երկրին, նույն մարդիկ ծափ էին տալիս 2020 թվականի պատերազմից առաջ, ինչը բերեց, տեսանք, ինչ հետևանքների։ Չի կարելի աշխարհի հետ խոսել էմոցիայով, պետք է հավասարակշռված, որ երկրորդ անգամ չառերեսվենք նրան, ինչի հետ առերեսվեցինք»։
Կարապետյանը մեկնաբանեց նաև Փաշինյանի՝ իրենց ուղղված բարեգործության վերաբերյալ քննադատությունը.
«Չանե՞նք բարեգործություն, ի՞նչ անենք։ Իր պես ամեն օր մա՞րդ բռնել տանք, երեխեքին առանց հոր մի քանի ամիս թողնենք, որ լավ զգանք, որ ինքն ասի՝ լավ է։ Իր պես «Հայկական ժամանակի» գրասենյակում ուղղակի նստեինք ու բոլորի անունով բան գրեի՞նք, թե քայլ անեինք։ Ինքը դեռ հարկերի մասով խնդիրներ ունի, շատ լրատվամիջոցներ այդպիսի խնդիրներ չունեն։ Ի՞նչ է իր ուզածը, իր երկրում բարեգործություն է։ Ասում է՝ մի տեղ գնացի, դարպասները վատն էին։ «Հայկական ժամանակի» դարպասները տեսե՞լ եք։ Թող գնա «Հայկական ժամանակի» դարպասներով զբաղվի»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: