Թրամփը հայտնել է ՀԱՄԱՍ-ի զինաթափման «պատմական» համաձայնագրի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Կահիրեում միջնորդների և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջև կայացած բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել Գազայի հատվածում զինաթափման վերաբերյալ համաձայնագիր։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափումից հետո իսրայելական զորքերը դուրս կբերվեն Գազայի հատվածից։ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին հայտնել է, որ շարժումը համաձայնել է առաջարկված ծրագրին։ Իսրայելը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։

ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ Թրամփը «շատ կհիասթափվի», եթե Իսրայելը համաձայնագրի շրջանակում դուրս չբերի իր զորքերը Գազայից։

«Այսօր Խաղաղության խորհուրդը ՊԱՏՄԱԿԱՆ համաձայնության հասավ ՀԱՄԱՍ-ին և Գազայի հատվածում գործող մյուս բոլոր զինված խմբավորումներին ԼԻՈՎԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼՈՒ վերաբերյալ»,- «Truth Social» սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Խաղաղության խորհուրդը ստեղծվել է ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ, և այն նախագահում է հենց Թրամփը։ «Այս համաձայնագիրը կարևոր քայլ է դեպի Գազայի կառավարման նոր պաղեստինյան վարչակազմի ձևավորում, որը սերտորեն կհամագործակցի Խաղաղության խորհրդի հետ՝ պաղեստինյան ժողովրդին աջակցելու նպատակով»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել միջնորդներին՝ Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային։

ՀԱՄԱՍ-ի աղբյուրը «Reuters»-ին հայտնել է, որ համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ ծանր սպառազինությունը կպահվի և կվերահսկվի բացառապես Պաղեստինի ինքնավարության կողմից և չի փոխանցվի Իսրայելին։

Leave a comment