Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում

Ռուսաստանն իրավունք կունենա Հայաստանից փոխհատուցում պահանջել, եթե Երևանը միակողմանիորեն վերանայի «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) շրջանակում պարտավորությունները, դա «ռուսական ընկերության անվճար ակտիվ չէ», այլ ձեռնարկություն, որում ներդրվել է ավելի քան 30 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշոտնիկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի՝ ՀԿԵ-ի վերաբերյալ հայտարարությունները, գրում է Ինտերֆաքսը։

Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ «հնարավորություն են՝ հիշեցնելու այն նշանակալի առավելությունների մասին, որոնք ստանում է երկրի տնտեսությունը  ԵՏՄ-ին անդամակցության և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի շնորհիվ»։

«Հայաստանը ԵՏՄ անդամ է 2015 թվականից։ Անդամակցության շնորհիվ ԵՏՄ պահանջներին համապատասխանող հայկական ապրանքներն անարգել մուտք ունեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի շուկաներ։ ԵՏՄ-ին անդամակցության ընթացքում (2015-2025) հայկական արտահանումը միության երկրներ աճել է ավելի քան 13 անգամ՝ 240 միլիոն դոլարից հասնելով 3,2 միլիարդ դոլարի»,- ասել է Ռեշոտնիկովը։

Նրա խոսքով՝ հայկական ավանդական արտահանման՝ սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի ավելի քան 80%-ը առաքվում է ԵՏՄ երկրներ։

«Միությանն ինտեգրումը պաշտպանում է հայ արտադրողներին, որակի և լոգիստիկայի միասնական պահանջների շնորհիվ այս ապրանքները շարունակում են պահանջարկ ունենալ միության ներսում։ Սակայն այլընտրանքային շուկաներ մուտք գործելը պահանջում է արտադրական շղթաների երկարատև վերակառուցում և բարձր առևտրային ռիսկեր է պարունակում»,- նշել է ռուս պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն ոչ միայն վաճառքի  առանցքային շուկա է, այլև Հայաստանի տնտեսության համար անհրաժեշտ ռեսուրսների գլխավոր մատակարարը։

«Միության ընդհանուր գազի շուկայի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի համար 177,5 դոլարով։ Եվ եթե համեմատենք այս գինը ներկայիս «եվրոպական» գազի գների հետ, որոնք ներկայում գերազանցում են հազար խորանարդ մետրի համար 600 դոլարը, դա կարելի է բնութագրել միայն որպես սուբսիդիա։ Այս գումարը կազմում է տարեկան շուրջ 1 միլիարդ դոլար։ Դժվար թե միությունից դուրս որևէ մեկը կարողանա Հայաստանին առաջարկել նման պայմաններ»,- շեշտել է Ռեշոտնիկովը։

Նա ասել է, թե «խոսելով ԵՄ-ին միանալու և ԵՏՄ-ին այլընտրանքներ փնտրելու մասին՝ նախևառաջ պետք է հաշվի առնել տեղում առկա տնտեսական իրավիճակը»։ Նա նշել է, թե փորձագիտական ​​գնահատականների համաձայն՝ եթե Հայաստանը կորցնի ԵՏՄ շուկա մուտքը որպես լիիրավ անդամ, միության երկրներ նրա արտահանումը կնվազի ավելի քան 60%-ով։

«Դա տեղի կունենա մաքսային և այլ տեսակի սահմանային վերահսկողության վերականգնման, ապրանքների համար հայկական փաստաթղթերի ավտոմատ ճանաչման դադարեցման և լոգիստիկ ծախսերի աճի պատճառով։ Իսկ գազի համար մաքսատուրքերի (30%) նվազեցման շնորհիվ Հայաստանը տարեկան խնայում է 120 միլիոն դոլար։ Սա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության իրական այլընտրանքն է, որի մասին Հայաստանի ղեկավարությունը բաց հայտարարում է»,- ասել է նա։

«Հարավկովկասյան երկաթուղիների հետ կապված իրավիճակը պետք է դիտարկել նույն տրամաբանությամբ։ Սա ռուսական ընկերության համար անվճար ակտիվ չէ, այլ ձեռնարկություն, որում մենք արդեն ներդրել ենք ավելի քան 30 միլիարդ ռուբլի, ձեռք ենք բերել նոր շարժակազմ և զարգացնում ենք ենթակառուցվածքներ՝ հիմնվելով պայմանագրային պարտավորությունների վրա։ Եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, և մեր ներդրողին վնաս հասցվի, մենք հիմքեր կունենանք փոխհատուցում պահանջելու։ Հարցի դրվածքը, որ Ռուսաստանը նման իրավիճակում պետք է հավելյալ վճարի Հայաստանին, անհիմն է»,- հավելել է նա։

Ռեշոտնիկովը նշել է, թե եվրասիական ինտեգրման նախագիծն ինքնին «հաջողությամբ զարգանում է. 2015-2025 թվականներին միության երկրների միջև փոխադարձ առևտուրն ավելի քան կրկնապատկվել է՝ 45,6 միլիարդ դոլարից հասնելով 95,1 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին հինգ ամիսներին միության երկրների միջև փոխադարձ առևտուրն աճել է ևս 8%-ով (հասնելով 39,3 միլիարդ դոլարի)»։

«Միության փոխադարձ առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը չի գերազանցում 3,4%-ը (3,2 միլիարդ դոլար): Հետևաբար, տնտեսական տեսանկյունից այն միտքը, որ ԵՏՄ-ն գոյություն չէր ունենա առանց Հայաստանի, մեղմ ասած, չափազանցություն է: Պատմությանը նայելով՝ կարևոր է ընդգծել, որ եվրասիական ինտեգրման նախագիծը հաջողությամբ գոյություն է ունեցել և զարգացել է առանց Հայաստանի՝ Միասնական տնտեսական տարածքի և Մաքսային միության տեսքով, որը ստեղծվել է 2010 թվականին Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից: Եթե Հայաստանը շարունակի իր ուղին դեպի Եվրոպական Միություն, այն գոյություն կունենա և կզարգանա առանց նրա»,- հայտարարել է Ռեշոտնիկովը:

Ավելի վաղ էլ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը մեկնաբանել էր, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը մտադիր է ամբողջ ծավալով կատարել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայով ստանձնած իր պարտավորությունները, սակայն իրավունք ունի ակնկալել ներդրումների վերադարձ, եթե պայմանները փոխվեն կամ կոնցեսիան դադարեցվի։ Նրա խոսքով՝ 2008-ից 2025 թվականներին «Ռուսական երկաթուղիներ»-ի միջոցներից ներդրումները և «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) եկամուտները կազմել են մոտավորապես 396,3 միլիոն դոլար։ Բաժնետերերին դիվիդենտներ երբեք չեն վճարվել. ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը, ասել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա օգտագործել իր երկաթուղիները, որոնք գտնվում են Ռուսաստանի կոնցեսիոն կառավարման ներքո, ինչպես նպատակահարմար գտնի։

«Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով. այլընտրանք չկա սրան։ Բավարար չափով, բայց ոչ անվերջ՝ այդ հարցը պետք է լուծվի։ Ես ուզում եմ շատ հստակ լինի»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն, որը գործում է Հայաստանում, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է։ ՀԿԵ-ն կառավարում է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի համակարգը՝ 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն։ Պայմանագիրը կնքվել է 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment