Հայաստանում արտահանման աջակցության ծրագրերի շրջանակում ևս 13 միլիոն դոլար է հատկացվել

Ջերմոցային տնտեսության առանձին ապրանքատեսակների արտահանման աջակցության ծրագրի շրջանակում հատկացվել է ևս 1 միլիարդ 710 միլիոն 900 հազար դրամ (մոտ 4,6 միլիոն դոլար – խմբ.): Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հուլիսի 30-ի նիստում։

Այսպիսով, Հայաստանից արտահանվող առանձին ապրանքների համար տնտեսվարողներին փոխհատուցում կվճարվի նաև օգոստոս ամսվա համար։ Ընդգծվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսվարողներն ակտիվ բանակցություններ են վարել դեպի այլ շուկաներ արտահանման շուրջ, մոտ ապագայում ակնկալվում է արտահանման ծավալների աճ։ Մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանից մրգերի, ինչպես նաև որոշ սննդամթերքների ու ըմպելիքների արտահանման աջակցության ծրագրով օգոստոսին փոխհատուցման գումարը կկազմի 3 միլիարդ 36 միլիոն դրամ (մոտ 8,3 միլիոն դոլար – խմբ.):

Օգոստոս ամսվա փոխհատուցվող ապրանքատեսակների ցանկը համալրվել է խնձորով, տանձով, խաղողով, թզով, ազնվամորիով, մորիով, հոնով և տոմատի մածուկով, ինչպես նաև վերանայվել են նախորդ ամիսներին առանձին ապրանքների համար տրամադրվող փոխհատուցումների գումարները։

Բացի այդ, ծրագրի շրջանակում դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ օդային տրանսպորտով արտահանվող ապրանքների փոխհատուցման փաստաթղթերի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լրացվել է ավիափոխադրումը հաստատող փաստաթղթով։

News.am

Leave a comment