ՀՅԴ-ական Արա Նախշքարյանի գործով անցնող գյումրեցի 21-ամյա աղջկան դատարանի դահլիճից ազատ են արձակել

Տեղեկացրել ենք, որ երեկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երկամսյա տնային կալանքի ենթարկեց ընտրակաշառք տալու, ստանալու գործով անցնող ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանին։ Դատարանը սահմանափակեց նրա շփումները։

Երեկ հակակոռուպցիոն կոմիտեն նույն այս գործով ձերբակալել էր նաև 21-ամյա աղջկա՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի Մ․Մ․-ին, որը եղել է հանձնաժողովի անդամ «Հայաստան» դաշինքի կողմից։

Քրեական այս վարույթը նախաձեռնվել էր ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ՝ հեռախոսազրույցի գաղտնալսմամբ, որի ժամանակ հնչել էր նաև աղջկա անունը։ Կասկածի հիմքում այն է, որ նրա համար միջնորդել էին, որ դառնա հանձնաժողովի անդամ։

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ նրան ևս կալանքի միջնորդություն էր ներկայացրել, սակայն դատարանը չի բավարարել՝ նրան ազատ է արձակել բացակայելու արգելքով։ Այս մասին տեղեկացանք ՀՅԴ Շիրակի մարզային գրասենյակից։

Հիշեցնենք, որ Արա Նախշքարյանը իր տունը խուզարկելու եկած քննիչներից ու ԱԱԾ-ականներից էր տեղեկացել, որ քրեական վարույթ կա նախաձեռնված։

Նա այդ ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասել էր․ «Ես էլ նոր տեղեկացա, որ քրեական գործ կա, ըստ ինձ ներկայացված փաստաթղթի՝ ես իբրև թե նախատեսել եմ գումար տալու, ոչ թե տվել եմ, խոստացել եմ երկու հոգու ներգրավել հանձնաժողովների մեջ՝ իբրև դրա դիմաց նրանցից ձայներ եմ ուզել, գումարի մասին խոսք ընդհանրապես չկա։

Ես նոր եմ ծանոթացել հեռախոսային խոսակցության վերծանված թղթին։ Ես ասում եմ՝ նման բան չի եղել, ես չեմ ունեցել մտավախություն, հանգիստ եմ եղել այս առումով, որովհետև ես ինձ լավ գիտեմ ու չկա քաղաքում որևէ մեկը, որին ինչ-որ բան խոստացած լինեմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment