«Ման գանք՝ տեսնենք ո՞ր ջիմն է կառավարության հետ լավ, այնտե՞ղ գնանք աշխատենք». «Օլիմպավանի» մարզիչ

«Ման գանք՝ տեսնենք ո՞ր ջիմն է կառավարության հետ լավ, այնտե՞ղ գնանք աշխատենք։ Մենք ընդամենն ուզում ենք գնալ աշխատանքի։ Թողեք աշխատենք»,- կառավարության շենքի մոտ իրականացվող ցույցի ժամանակ իր վրդովմունքը հայտնեց «Օլիմպավանի» MMA մարտարվեստի մարզիչ Էրիկ Օհանյանը։

Այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները։ Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, իսկ նրան պատկանող ընկերությունների մեծ մասը փակվել է, կառավարությունը դրանք ազգայնացնելու գործընթաց է սկսել։

 

«Ինձ նման մարդիկ Ծառուկյանից գումար չեն խնդրելու, այդ մարդուն էլ ունեզրկում են, ամեն ինչ վերցնում են։ Կոլեկտիվը 2017 թվականից աշխատում է Ծառուկյան ընտանիքի հետ եւ որեւէ խնդիր չունի, իսկ ինքն ընտրել է այդ ընտանիքի հետ աշխատելը, որովհետեւ տեսել է Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը սպորտին»,- ասաց Էրիկ Օհանյանը՝ վրդովվելով, որ հարյուրավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի եւ աշխատավարձի, մինչդեռ մարդիկ օրվա խնդիրներ ունեն լուծելու։

«107 աշակերտները օգոստոսի 15-ին պետք է մեկնեն Աբու Դաբի՝ աշխարհի մրցումների։ Երեխան գնա աշխարհի մրցումների՝ պարտվի մարզվելով, այլ բան է, բայց այսպես… այդ երեխաները դուրս են գալու մարզիչների մոտից, գնան այլ մարզիչների մոտ»,- ասաց մարզիչը՝ հավելելով, որ աշխարհի մրցումներին երեխաները պատրաստվում են՝ Հրազդանի կիրճում մարզվելով։

Նա հայտարարեց, որ «Օլիմպավանը» այս ընթացքում պահպանման վնասներ է կրել, լողավազանում քլորի եւ ջրի ռեակցիայից մի օր կարող է պայթյուն լինել, մարդիկ ընտանիքով են փաթեթ վերցրել՝ ի՞նչ անեն այդ մարդիկ. «20 տարով հիպոթեք եմ վերցրել, բանկը դա ինձ տվել է «Օլիմպավանի» աշխատանքի շնորհիվ, ասում եմ՝ սառեցրեք, ասում է՝ չենք կարող, սեւ ցուցակ կընկնես։ Ընդամենն ուզում ենք աշխատենք»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment