Ռուսական զորքերը հուլիսի լույս 30-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։ Կիևի մի քանի թաղամասերում բեկորներ են ընկել, հրդեհներ են բռնկվել, տելեգրամում գրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի հայտնել է մեկ զոհի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Լվովում պայթյուններ են լսվել, ակտիվացել է հակաօդային պաշտպանությունը: Քաղաքապետ Անդրեյ Սադովին և Լվովի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել են երկու բազմահարկ բնակելի շենքերի վնասվելու մասին: Փրկարարներն աշխատում են դեպքի վայրում:
Անդրեյ Սադովին գրել է, որ, ընդհանուր առմամբ, վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք, ինչպես նաև մեկ դպրոց և երկու մանկապարտեզ։ Նա հայտնել է, որ Պատոն և Վիգովսկի փողոցներում գտնվող երկու բազմահարկ բնակելի շենքերն ամենաշատ վնասն են կրել։ Այս պահին հայտնի է 20 վիրավոր մասին։
Խարկովում Շահեդ տիպի անօդաչու թռչող սարքի հարված է գրանցվել Նովոբավարսկի շրջանի արդյունաբերական գոտում։ Քաղաքապետ Իգոր Տերեխովն այլ մանրամասներ չի հայտնել։
Լրատվամիջոցները հաղորդել են Վիննիցայի, Չերկասիի, Կրիվոյ Ռոգի և Սումիի մարզերում, ինչպես նաև Իվանո-Ֆրանկովսկի մարզում տեղի ունեցած պայթյունների մասին:
Կրիվոյ Ռոգի շրջանի Ռադուշոյե գյուղում «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռը հարվածել է մասնավոր տանը, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 5 և 12 տարեկան աղջիկներ, հայտնել է քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։ Վիրավորվել է ևս ութ մարդ, այդ թվում՝ 6 և 15 տարեկան տղաներ։
«Փրկարարական գործողությունները շարունակվում են, ավերակները մաքրվում են։ Ցավոք, զոհերի թիվը կարող է աճել»,- գրել է Վիլկուլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին զգուշացրել էր հուլիսի լույս 30-ի գիշերը Ռուսաստանի կողմից զանգվածային օդային հարվածի բարձր հավանականության մասին։ Նա նշել էր, որ լսել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Անատոլի Կրիվոնոժկոյի զեկույցը, որի համաձայն՝ ռուսական զինված ուժերը մի քանի օր առաջ են նախապատրաստել հարձակումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի