UWC Դիլիջանի դպրոցի ուսանողներն ընդունվել են աշխարհի առաջատար բուհեր

UWC Դիլիջան դպրոցի շրջանավարտները, նախորդ տարիների պես, ընդունելության առաջարկներ են ստացել աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից։ Այս արդյունքն արտացոլում է ինչպես նրանց բացառիկ ակադեմիական հաջողությունները, այնպես էլ գլոբալ մտածողությամբ երիտասարդ առաջնորդներ ձևավորելու դպրոցի հանձնառությունը։

Այս տարվա շրջանավարտներն առաջարկներ են ստացել Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի բազմաթիվ բուհերից։ Ցանկը ներառում է աշխարհի ամենապահանջված և հարգված հաստատությունները։ Դրանց թվում են Յեյլի, Փրինսթոնի, Բրաունի, Դարթմութի, Փենսիլվանիայի, Դյուքի, Նորթվեսթերնի, Չիկագոյի, Օքսֆորդի, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL), ՄաքԳիլի, Տորոնտոյի, Բրիտանական Կոլումբիայի համալսարանները, Sciences Po-ն, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանը (NYU Abu Dhabi), ESADE բիզնես դպրոցը, Հոնկոնգի համալսարանը և այլն։

Համալսարանների բազմազանությունը վկայում է ոչ միայն ակադեմիական բարձր առաջադիմության, այլև աշակերտների լայն հետաքրքրությունների մասին։ Նրանք ընտրում են ամենատարբեր ոլորտներ՝ ճարտարագիտությունից, բժշկությունից և բնական գիտություններից մինչև տնտեսագիտություն, միջազգային հարաբերություններ, հանրային քաղաքականություն, հումանիտար գիտություններ և արվեստ։

Առաջարկները ստացվել են հետևյալ երկրների առաջատար հաստատություններից․

  • ԱՄՆ՝ Յել, Փրինսթոն, Բրաուն, Դարթմութ, Փենսիլվանիայի համալսարան, Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարան (UC Berkeley), Դյուք, Նորթվեսթերն, Չիկագոյի համալսարան, Ամհերսթ, Բարնարդ, Թաֆթս, Բոստոնի համալսարան, Փըրդյու, Միդլբերի, Քարլթոն, Մաքալեսթեր և այլն։
  • Մեծ Բրիտանիա՝ Օքսֆորդ, Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL), Էդինբուրգի, Մանչեսթերի, Ուորիքի և Էքսետերի համալսարաններ։
  • Կանադա՝ ՄաքԳիլի համալսարան, Տորոնտոյի համալսարան, Բրիտանական Կոլումբիայի համալսարան, ՄաքՄասթերի համալսարան և Վաթերլոյի համալսարան։
  • Նիդերլանդներ՝ Ռոտերդամի Էրազմուս համալսարան, Ամստերդամի համալսարան և Խրոնինգենի համալսարան։
  • Չինաստան և Հոնկոնգ՝ Դյուք Կունշան համալսարան, Հոնկոնգի չինական համալսարան և Հոնկոնգի համալսարան։
  • Ֆրանսիա՝ Sciences Po:
  • Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարան (NYU Abu Dhabi):
  • Իսպանիա՝ ESADE բիզնես դպրոց:
  • Գերմանիա՝ Bard College Berlin:
  • Ավստրիա՝ Կենտրոնական եվրոպական համալսարան (CEU):

Արդյունքներն առավել տպավորիչ են, եթե հաշվի առնենք UWC Դիլիջանի համայնքի յուրահատկությունը։ Աշակերտները գալիս են շուրջ 80 երկրից՝ ներկայացնելով տարբեր կրթական համակարգեր, մշակույթներ և լեզուներ։ Նրանք սովորում են Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրով (IB DP)՝ ապրելով, ուսանելով և առաջնորդելով միասին։

Ծրագրի հաջող ավարտն ինքնին մեծ ձեռքբերում է։ Իսկ աշխարհի ամենամրցունակ բուհերից առաջարկներ ստանալը վկայում է 2026 թվականի շրջանավարտների վճռականության, դիմակայունության և իմացական հետաքրքրասիրության մասին։

«Մենք անչափ հպարտ ենք մեր շրջանավարտներով և նրանց ձեռքբերումներով։ Համալսարանների այս առաջարկները գնահատում են ոչ միայն նրանց ակադեմիական ունակությունները, այլև հոգատարությունը, առաջնորդության ձիրքն ու աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտումը։ Նրանք հեռանում են UWC Դիլիջանից գերազանց պատրաստված լինելով կրթության հաջորդ փուլին և, որ ամենակարևորն է, նպատակասլաց ու նվիրված կյանքին»,- նշեց UWC Դիլիջանի տնօրեն Ադամ Արմանսկին։

Այս արդյունքներն արտացոլում են ոչ միայն ակադեմիական հաջողությունը, այլև UWC կրթության հիմնարար արժեքները։ Դասարանական ուսուցման, ստեղծագործական աշխատանքի, հանրային ծառայության, արտադպրոցական ծրագրի և միջմշակութային շփման միջոցով ուսանողները ձեռք են բերում հմտություններ և աշխարհայացք, որոնք անհրաժեշտ են ժամանակակից փոխկապակցված աշխարհում հաջողության հասնելու համար։

Դպրոցի ուսանողների ավելի քան 80%-ը ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։ Բացի այդ, որևէ ազգություն չի գերազանցում ուսանողների ընդհանուր թվի 10%-ը։ Լինելով այսպիսի համայնքի մաս՝ շրջանավարտներն իրենց հետ տանում են անկրկնելի փորձառություն։ Դպրոցի հիմնարար սկզբունքը հետևյալն է՝ կրթությունը կարող է միավորել մարդկանց, ազգերին և մշակույթները՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի։

UWC Դիլիջանի ողջ համայնքը շնորհավորում է 2026 թվականի շրջանավարտներին և հաջողություն մաղթում կյանքի նոր փուլում։

UWC Դիլիջանը տարածաշրջանի առաջին միջազգային դպրոց պանսիոնն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Դպրոցն ունի 220 ուսանող աշխարհի 80 երկրից և 84 աշխատող 16 երկրից։

UWC Դիլիջանը UWC շարժման մաս է կազմում, որի կազմում ներառված են 18 միջազգային դպրոցներ և քոլեջներ և ազգային կոմիտեներ շուրջ 160 երկրում:

UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 70% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։

Leave a comment