Մենք ընտրել ենք անվտանգության նկատառումով, ակնկալիքը չի արդարացել. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կտա՝ կտա…

Եղբայրս մի անեկդոտ ուներ, որ շատ էր սիրում և ամեն անգամ պատմում էր տարբեր նրբերանգներով ու հարուստ բառապաշարով: Ես, իհարկե, նրա նման գունեղ պատմող չեմ, բայց փորձեմ իմաստը տեղ հասցնել:

Մի գյուղացի գնում է թագավորի մոտ և իրեն դիմավորող ծառային ասում է.

-Թագավորին ասա՝ մի գյուղացի է եկել, ուզում է, որ իրեն մի ձի տա: Կտա՝ կտա, չի տա՝ ջհանդամը տա:

Ծառան գնում է թագավորի մոտ և ասում.

-Մի գյուղացի է եկել, ձեզնից ձի է ուզում, ասում է՝ կտա՝ կտա, չի տա՝ ջհանդամը տա:

Թագավորը մի պահ մտածում է և ասում.

-Գնացեք իմ ախոռի ամենածեր ու ամենահիվանդ ձին տարեք, տվեք և ասեք, որ թագավորն ասում է. «Սա եմ տալիս, կտանի՝ կտանի, չի տանի՝ ջհանդամը տանի»:

Ծառան կիսասատկած, նիհար մի ձի է բերում, տալիս գյուղացուն և փոխանցում է թագավորի խոսքը.

-Կտանի՝ կտանի, չի տանի՝ ջհանդամը տանի:

Գյուղացին նայում է ծեր ձիուն և ասում.

-Տանեմ, կաշխատի՝ կաշխատի, չի աշխատի՝ ջհանդամը աշխատի:

Ինչո՞ւ պատմեցի այս անեկդոտը:

Որովհետև մեր և ՌԴ հարաբերությունները վաղուց արդեն այս անեկդոտի տրամաբանության մեջ են: Եվ կարևոր չէ՝ մենք գյուղացի՞ն ենք, թե՞ թագավորը: Մեծ հաշվով՝ դա ոչինչ չի փոխում, որովհետև սկզբունքը նույնն է երկու կողմում էլ:

Իմ կարծիքով՝ օրինաչափ է, որ այսպես է ստացվել, որովհետև ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել: Մենք ընտրել ենք անվտանգության նկատառումով, ակնկալիքը չի արդարացել:

ՀԱՊԿ-ն էլ փաստացի չի դարձել պաշտպանական դաշինք, որովհետև անդամ պետություններն ակնհայտորեն ավելի շատ Ադրբեջանի բարեկամն են եղել, քան մերը: Իսկ մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք հիմնականում էժան զենք գնելու ակնկալիքով, որը, ինչպես պարզվեց, հին ու անարդյունավետ էր, եղած նորի լիարժեք կիրառման բանալիներն էլ ՌԴ մեզ չտվեց:

Ամեն դեպքում, այսօր լսելով վարչապետի պատասխանը, եկա այն եզրահանգման, որ վարչապետը հասկացել է ստեղծված իրավիճակը: Կարծում եմ նաև, որ ունի շտկելու անհրաժեշտ քաղաքական կամքը:

Տա Աստված, որ չսխալվեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment