«Արդյոք Ջեյմս Դի Վենսի այցի օրակարգում միայն TRIPP-ն է, թե՞ ԱՄՆ-Իրան համատեքստում ինչ-որ ուղերձներ կան, որոնք պետք է քննարկվեն», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այսօրվա այցին։
Փոխնախագահ Վենսն այսօր ժամանել է Հայաստան, վաղը մեկնելու է Ադրբեջան։ Գ․ Մելոյանն ընդունում է, որ նրա այցը շատ մեծ ձեռքբերում է մեր երկրի համար և շատ կարևոր է հատկապես այն, որ նա, որպես ԱՄՆ փոխնախագահ, ոչ թե տարածաշրջանային այցով է ժամանել, այլ եկել է Հայաստան ու Ադրբեջան։
Այնուամենայնիվ, «Մեր ձևով» շարժման անդամը հարց է բարձրացնում, թե արդյոք նա միայն TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության իրականացման շրջանակում է եկել։ «Արտաքին դիվանագիտական համայնքը պետք է պատասխանի, թե այդ այցի նպատակն արդյոք միայն այդ ծրագիրն է, թե՞ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների համատեքստում կան ինչ-որ ուղերձներ, որոնք պետք է քննարկել», – հարցնում է Գ․ Մելոյանը։
Ինչ վերաբերում է TRIPP-ին, նա ասում է, կան լրջագույն խնդիրներ, որոնք պատասխանի կարիք ունեն։ «Թող իրավական փաստաթղթերով պարզաբանեն, թե ինչ է նշանակում «անխոչընդոտ» ճանապարհը, ինչո՞ւ ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերը դուրս չեն բերվել, ինչո՞ւ չի ապահովվել բոլոր ռազմագերիների վերադարձը», – հարցրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: