Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

29.07.2026 | 17:45

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

Լրագրողների հետ զրույցում Միքայելյանը հայտնեց, որ փակ գաղտնի քվեարկության արդյունքում երկրորդ փուլ են անցել պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը։ Հարցին, թե ինչու ինքը չի ստացել բավարար ձայներ երկրորդ փուլ անցնելու համար, պատգամավորը կարճ պատասխանեց. «Իրենք ավելի շատ ձայն ստացան»։

Սասուն Միքայելյանը շեշտեց, որ թեև չի ընտրվել որպես թեկնածու, սակայն շարունակելու է աշխատել հանձնաժողովում՝ հիշեցնելով իր երկարամյա փորձը դեռևս 90-ական թվականներից։ Նա կտրականապես հերքեց այն ենթադրությունները, թե նեղացած է թիմակիցներից։

«Նեղացած չեմ ոչ մի ձևի։ Իմ կարգի մարդը կարա՞ նեղացած լինի։ Իմ ռազմական ճանապարհը շարունակվում է մինչև մահ»,- հայտարարեց պատգամավորը։

Միքայելյանը հրաժարվեց մեկնաբանել քվեարկության մանրամասները կամ ձայների քանակը՝ հորդորելով հարցերն ուղղել քվեարկողներին, քանի որ գործընթացը եղել է գաղտնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment