Ամբերդի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով օտարվել են համայնքապատկան հողակտորներ․ ՀԿԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և Ամբերդի համայնքապետարանի աշխատակազմի 2 ղեկավարների օժանդակութամբ իրականացրել ձևական աճուրդ:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, հանդես գալով որպես աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար, օրենքի խախտմամբ, ձևական աճուրդի միջոցով Ամբերդ համայնքին պատկանող՝  գյուղատնտեսական նշանակության տարբեր մակերեսներով 8 հողամասերը վաճառել է իրեն և հարազատներին՝ եղբայրներին, հորը, իսկ համայնքապետարանի վարչական շենքի դիմաց գտնվող պուրակը վաճառել է կնոջը: Հետագայում՝ նախաքննության ընթացքում, այն նվիրատվության կարգով վերադարձվել է  համայնքին:

Համայնքապետարանի նախկին ղեկավարն ու 2 աշխատակիցներն ընդունել են  իրենց վերագրվող հանցանքները և վերականգնել պետությանը պատճառված վնասը. վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի  հարուցվել:

ՀՀ ՀԿԿ

Leave a comment