Կուբան զգուշացրել է օտարերկրյա ավիաընկերություններին, որ նրանց օդանավերի լիցքավորման համար վառելիք չկա

Քաղաքականություն

09.02.2026 | 21:59

Կուբայի կառավարությունը զգուշացրել է միջազգային ավիաընկերություններին, որ չեն կարող հույսը դնել երկրի օդանավակայաններում վառելիքի լիցքավորման վրա՝ առնվազն փետրվարի 10-ից մարտի 11-ը, հաղորդում է EFE-ն։ Սահմանափակումները վերաբերում են Կուբայի ինը օդանավակայանների, այդ թվում՝ Հավանայի Խոսե Մարտիի միջազգային օդանավակայանին, գրում է The Insider-ը։

Կուբա թռիչքներ հիմնականում իրականացնում են ամերիկյան, իսպանական, պանամական և մեքսիկական ավիաընկերությունները։ Նրանք դեռևս հրապարակայնորեն չեն հայտարարել, թե ինչպես կարձագանքեն իրավիճակին, ինչը կարող է հանգեցնել երթուղիների, թռիչքների հաճախականության և ժամանակացույցի փոփոխությունների։ Սա կարող է բացասաբար անդրադառնալ ազգային զբոսաշրջության ոլորտի վրա, որը ճգնաժամի մեջ է համավարակի սկզբից ի վեր՝ COVID-19-ի հետևանքների, ԱՄՆ պատժամիջոցների և երկրի տնտեսական խնդիրների պատճառով։

Հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որով հայտարարել էր ազգային արտակարգ դրություն և նոր մաքսատուրքերի համակարգ սահմանել այն երկրներից ապրանքների վրա, որոնք վաճառում կամ այլ կերպ Կուբա նավթ են մատակարարում։

Սպիտակ տունը հայտարարել էր, որ «Կուբայի ռեժիմը անսովոր և արտակարգ սպառնալիք» է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար։ Ամերիկյան վարչակազմը Հավանային մեղադրել էր թշնամական պետությունների և ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեջ։

Փաստաթուղթը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ցանկացած երկրից ներմուծման վրա, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ է մատակարարում Կուբային։

Թարգմանությունը՝  Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment