Ամերիկացի կոնգրեսականները շուտով կայցելեն Ռուսաստան. Սլուցկի

Բաժանորդագրվել

Միջազգային հարցերի հանձնաժողովը մտադիր է ընդլայնել խորհրդարանական դիվանագիտությունը:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Պետդումայի պատվիրակության՝ ԱՄՆ կատարած մարտյան այցից հետո ամերիկացի կոնգրեսականներն առաջիկայում պատասխան այցով կգան Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Սլուցկին նշել է, որ ՌԴ խորհրդարանականները վերսկսել են փոխգործակցությունը ԱՄՆ Կոնգրեսի հետ։

«Կոնգրեսի հետ նույնպես մենք վերսկսում ենք աշխատանքը։ Աննա Պաուլինա Լունան և նրա գործընկերները ակտիվորեն շփվում են մեզ հետ: Վերջերս հեռախոսազրույց ունեցա, շուտով նրանք կայցելեն մեզ՝ արդեն հաջորդ գումարման ընթացքում», — ասել է Սլուցկին ութերորդ գումարման Պետդումայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Նա նաև նշել է, որ միջազգային գործերի հանձնաժողովը մտադիր է ընդլայնել խորհրդարանական դիվանագիտությունը:

«Հիմա առանձնահատուկ ժամանակ է՝ ճշմարտության պահը մեր երկրի, ռուսական աշխարհի համար», — հավելել է պատգամավորը:

Մարտի վերջին Պետդումայի պատվիրակությունն այցելել էր Վաշինգտոն, որտեղ բանակցություններ էր վարել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ: Պատվիրակության կազմում էին Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալներ Վյաչեսլավ Նիկոնովը և Սվետլանա Ժուրովան, փոխխոսնակ Բորիս Չեռնիշովը, ինչպես նաև պատգամավորներ Միխայիլ Դելյագինը և Վլադիմիր Իսակովը: Այդ այցը վերջին տարիներին ՌԴ խորհրդարանականների համար առաջինն էր Միացյալ Նահանգներ:

Ավելի վաղ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ ամերիկացի օրենսդիրների պատասխան այցը քննարկման փուլում է: Նրա խոսքով՝ այցելությունը կարող է տեղի ունենալ աշնանը։

Leave a comment