ՀՀ-ում 3 օրում 165 անձ 600 հազար դրամով գնել է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ

Բաժանորդագրվել

2024թ․-ից մինչ օրս օտարվել է 49 առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ, պետբյուջե վճարվել է շուրջ 900 մլն դրամ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 3 օրում 165 անձ վճարել է 600 հազարական դրամ՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ ձեռք բերելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը։

«Ընդամենը 3 օրում ՀՀ-ում 224 անձ ձեռք է բերել մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ՝ վճարելով ընդհանուր 234 մլն 400 հազար դրամ։ Ամենամեծ պահանջարկն ունի 600 հազար դրամ արժողությամբ համարանիշը․ 224-ից 165-ը 600 հազար դրամ արժողությամբ օտարված համարանիշն է»,- հայտնեց Գևորգյանը։

Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների համար մշակվել են նոր չափորոշիչներ, ֆիքսվել են արժեքներ (առանց էլեկտրոնային աճուրդի)` մի կողմում 2 կամ 3 զրո, մյուս կողմում՝ 2 կամ 3 թվերի կրկնություն (250 հազար դրամանոց համարանիշի օրինակ՝ 00 AB 112 կամ 600 հազար դրամանոց համարանիշի օրինակ՝ 77 MP 000)։ Նոր չափորոշիչներով՝ դրանք հնարավոր է ձեռք բերել՝ 250 հազար դրամից մինչև 8 միլիոն դրամ վճարելով։

Ըստ ՆԳՆ պաշտոնյաների՝ նոր չափորոշիչները մշակվել են՝ հաշվի առնելով հանրային պահանջարկն ու կարծիքները։

Ինչ վերաբերում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերին (առնվազն 4 կամ 5 զրոյով), դրանց ձեռքբերման կարգում փոփոխություն չի արվել՝ կվաճառվի էլեկտրոնային աճուրդով։

Գևորգյանը հիշեցրեց, որ էլեկտրոնային աճուրդների միջոցով առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրման գործընթացը գործում է 2024 թվականի փետրվարի 1- ից: Մինչ օրս վաճառվել է 49 նման համարանիշ, բյուջե է վճարվել 892 մլն դրամ (միջինացված ստացվում է, 1 համարանիշի արժեքը 18 միլիոն ՀՀ դրամ է` խմբ․)։

Leave a comment