ՀՀ երկու մարզիկ անցել է Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Բաժանորդագրվել

Եվրոպայի մինչև 17 տարեկանների գործող չեմպիոն Վահե Հովեյանը պարտվել է 1/4 եզրափակչում:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանի երկու ներկայացուցիչ անցել է Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ:

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը մեկնարկել է 1/8 եզրափակչից՝ հաղթելով մեքսիկացի Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսին: Մրցամարտի ընթացքում պարտվելով 2:7 հաշվով՝ հայ ըմբիշը կարողացել է հաղթել 14:7 հաշվով: Քառորդ եզրափակիչում Ավետիսյանը հաղթել է Ասիայի փոխչեմպիոն Ջավոհիր Շարիֆբոևին (9:3):

Կիսաեզրափակիչ է անցել նաև 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը: Որակավորման փուլում նա 7:4 հաշվով հաղթել է իրանցի Գալեհիին: 1/8-ում Մնացականյանն ուժեղ էր Ղրղըզստանի ըմբիշ Կամիլ Բերդիկուլովից (5:2): Իսկ քառորդ եզրափակչում հայ ըմբիշը համառ գոտեմարտում 4:3 հաշվով հաղթել է խորվաթ Լովրով Վիդովիչին:

Եվրոպայի մինչև 17 տարեկանների գործող չեմպիոն Վահե Հովեյանը (80 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում:

Նշենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Մրցաշարին մասնակցում են հարյուրավոր մարզիկներ տարբեր երկրներից:

Leave a comment