Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո

Իրանի պաշտոնյաներն ուժեղացրել են Կիևին ուղղված սպառնալիքները՝ այս շաբաթավերջին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի կողմից հարձակումից հետո, որով անցնում է երկրի և Ռուսաստանի միջև առևտրի մեծ մասը, գրում է CNN-ը։

Հաղորդվել է, որ նավի անձնակազմի երեք անդամ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։

Նավը երկաթի բեռ էր տեղափոխում և Աստրախանից ուղևորվում էր Անզալի՝ «երկու նավահանգիստների միջև առևտրային փոխանակումների համար անվտանգ և հուսալի միջանցք»։

«Իրանի վրա ցանկացած հարձակում միշտ ունի իր գինը,. ԱՄՆ-ն և Իսրայելը լավ գիտակցում են դա։ Ուկրաինան նույնպես շուտով կարող է հասկանալ, որ Իրանը թույլ չի տալիս, որ գործողություններն անպատասխան մնան»,- X-ում գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նույնպես քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

«Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա՝ սպանելով մի նավաստու։ ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, որը կատարվել է Իսրայելի հրահանգով՝ Եվրոպային իր պատերազմի մեջ ներքաշելու համար։ Կիևի մակաբույծի արածը չի կարող անպատասխան մնալ»,- գրել է նա X-ում։

Ուկրաինան շաբաթ հայտարարել էր, որ հարվածել է ջրային ուղիներում գտնվող այն նավերին, որոնք Իրանից Ռուսաստան ռազմական բեռներ էին տեղափոխում։

«Ուկրաինան շատ լավ արդյունքների է հասել Կասպից ծովում հեռահար հարվածներով։ Մասնավորապես, դրանք ներառում են նավեր, որոնք ներգրավված էին Իրանից ռազմական բեռներ տեղափոխելու մեջ, ինչպես նաև մեկ ռազմանավ»,- X-ում նշել է Զելենսկին։

Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները վերջերս հարձակվել է նաև Կասպից ծովում գտնվող օբյեկտների վրա։ Գիլանի նահանգապետարանը հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի վրա ավիահարվածի մասին։

Leave a comment