«Սահմանել ենք օրինակելի պայմանագրի տիպային ձեւ, որը ստորագրելիս նոտարական վավերացումն այլեւս պարտադիր պահանջ չի լինի». Նանե Ղազարյան

«Ենթադրենք կառուցապատողը շենքն ավարտել է, եւ հենց ինքը ցանկանում է գույքը վաճառել, այս դեպքում սահմանել ենք օրինակելի պայմանագրի տիպային ձեւ, որը ստորագրելիս նոտարական վավերացումն այլեւս պարտադիր պահանջ չի լինի: Սա զուտ հնարավորություն է, իրավունք, հետեւաբար նոտարական վավերացմամբ կնքվող գործարքները շարունակում են օրենսդրությամբ ունենալ իրավական կարգավորումներ, իրավական ուժ:

Սակայն եթե քաղաքացիները եւ գործարքի մյուս կողմերը (բանկ, վարկային կազմակերպություններ, կառուցապատող) կցանկանան առանց նոտարական վավերացման գործարք կնքել, հնարավորություն կունենան մուտք գործել էլեկտրոնային համակարգ, ստորագրել պայմանագիրը եւ էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմում՝ պետական գրանցման կադաստրի կոմիտե»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը (լուսանկարում

Ինչ վերաբերում է հիպոթեկային խառը պայմանագրերին, այս մասին էլ նշեց. «Դրանք այն պայմանագրերն են, որոնք 2-3 տարբեր գործարքների տարրեր են մեկտեղում մեկ գործարքի մեջ: Քանի որ տվյալ պարագայում խոսքը գնում է պարտադիր բանկի կամ հիպոթեկային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցության մասին, այդտեղ 2 գործարքի տարրեր են, մեկը՝ առուվաճառք կամ գնելու իրավունքի ձեռքբերում, մյուսը՝ գրավի կամ հիպոթեկի պայմանագիր, որոնք մեկտեղվել են մեկ տեքստի մեջ, դրա համար էլ պետք է ստորագրվեն ոչ թե 2 կողմից, այսինքն՝ վաճառողի եւ գնորդի կողմից, այլ պարտադիր նաեւ բանկի կամ վարկային կազմակերպության համապատասխան լիազորություն ունեցող անձի»:

Նանե Ղազարյանն ընդգծեց, որ պարտադիր է սուբյեկտային կազմը, առաջինը բանկային կազմակերպության մասնակցությունն է, երկրորդը՝ օտարողի, կառուցապատողի կարգավիճակ ունենալը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment