Իրանի արտաքին գործերի նախարարությունը խիստ դատապարտել է, իր պնդմամբ, ուկրաինական զինված ուժերի կողմից Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումը, որը տեղի է ունեցել հուլիսի 25-ի գիշերը։
Թեհրանի հայտարարության համաձայն՝ հարվածի հետևանքով նավի վրա տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկ մարդ վիրավորվել է։ Իրանը միջադեպը որակել է որպես ագրեսիայի ակտ, որը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, և հայտարարել, որ նման գործողությունները կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրման։
Իրանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Իսլամական Հանրապետությունը չի միջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանը և կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եվրոպական երկրներին և միջազգային հանրությանը գնահատական տալ տեղի ունեցածին, ինչպես նաև «պատասխանատվության ենթարկել ուկրաինական իշխանություններին այս հանցավոր և սադրիչ գործողության համար»։
Թեհրանը նաև հայտարարել է, որ միջազգային իրավունքի շրջանակում իրեն վերապահում է ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու իրավունքը՝ նախազգուշացնելով, որ հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են Ուկրաինան և նրա դաշնակիցները։