Հայաստանի զինված ուժերում այս շաբաթ արձանագրված մահվան հերթական դեպքը գրեթե մատնվեց պաշտոնեական ու նաեւ «քաղաքացիական» լռության։ Քննչական կոմիտեն իհարկե տարածեց հաղորդագրություն, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական վարույթ։ Հետո եղավ տեղեկություն, որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ։ Բայց զինված ուժերում՝ այսպես ասած խաղաղ պայմաններում տեղի ունեցած հերթական ողբերգության առիթով պաշտպանության նախարարությունը չտարածեց որեւէ տեղեկություն, չհրապարակվեց որեւէ ցավակցություն։
Պատճառն ըստ երեւույթին այն է, որ ողբերգական դեպքը չի տեղավորվում բանակի «կերպափոխման» մասին քարոզչական քաղաքականության ծիրում, ծիրից դուրս է, հետեւաբար՝ ոչ նպատակահարմար, ոչ շահեկան։ Ողբերգական այդ դեպքերը, որոնք շարունակվում են նույնիսկ սարսափելի պարբերականությամբ, դուրս են նաեւ ներկայիս քաղաքացիական ակտիվիզմի եւ իրավապաշտպանության համար «շահեկան ծիրից»։ Բացառությամբ մի քանի իրավապաշտպանի, որոնք շարունակում են մնալ սկզբունքային հետեւողականության դիրքում՝ որտեղ էին նաեւ 2018-ի մայիսից առաջ, քաղաքացիական ակտիվիզմի եւ իրավապաշտպանության զգալի մասը 2018-ից հետո կամ անմիջապես, կամ դանդաղ՝ բայց հետեւողականորեն ներգրավվել է իշխանական ծիր, ըստ էության՝ դարձել իշխանություն։
Եվ այն աղմուկը, որ նրանք բարձրացնում էին մինչեւ այդ, այլեւս «կերպափոխվել» է լռության։ Թերեւս այն պատճառով, որ այլ են խնդիրները, նպատակները, պահանջները, նաեւ պահանջմունքները։ Եվ այս «կերպափոխումը» առաջացնում է բավականին էական մի հարց՝ իսկ որո՞նք էին 2018-ից առաջ աղմուկի հիմնական նպատակները, պահանջները, պահանջմունքները, մոտիվները։ Մի բան թերեւս դառնում է հաստատ, որ դրանք զինվորի մասին մտահոգությունը չէին։ Այլապես, այդ մտահոգությունը կարտահայտվեր նաեւ այսօր։
Իսկ այսօր արտահայտվում է մի «մոգական բանաձեւ» բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերի կապակցությամբ։ Ընդ որում, բանաձեւը բարձրաձայնված է պետական բարձրագույն մակարդակով։ «Չկա բանակում տեղի ունեցող ոչինչ, որի արմատը հասարակությունից չէ»։ Մոտավորապես այսպիսի մի բանաձեւ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանատվությունը փաստորեն լղոզելով հասարակության երեսին։ Ըստ էության նա ասում է՝ դուք եք այդպիսին, հետեւաբար բանակում տեղի ունեցածի համար մեղադրեք ձեզ, ոչ թե՝ մեզ։
Իսկ դա ըստ էության անպատասխանատվության քարտ-բլանշ է, ընդ որում՝ ոչ միայն զինված ուժերում այդ պատասխանատվության հասցեատերերի համար, այլ կառավարման համակարգում առհասարակ։ Իսկ անպատասխանատվությունն ու ողբերգությունը միշտ քայլում են ձեռք ձեռքի տված։
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: