Թուրքիան դեռևս չի կարող ստանալ F-35 կործանիչներ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Թուրքիան դեռևս չի բավարարել ԱՄՆ F-35 կործանիչների ծրագրին իր մասնակցությունը վերսկսելու համար անհրաժեշտ իրավական պահանջները, հաղորդել է Euractiv-ը:

F-35 ծրագրին վերադառնալը Անկարայի համար հիմնական առաջնահերթություն է, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր աջակցությունն է հայտնել նման քայլին։

Թուրքիան հեռացվել էր ծրագրից 2020 թվականին՝ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը ձեռք բերելուց հետո։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո թուրք պաշտոնյաները հայտարարեցին, որ բանակցություններ են վարում Պարսից ծոցի մի պետության հետ «Ս-400»-ների հնարավոր վաճառքի շուրջ՝ փորձելով հարթել երկրի F-35 ծրագրին վերադառնալու ճանապարհը։

Սակայն, ինչպես Պետդեպարտամենտը նշել է դեմոկրատ կոնգրեսական Ուեսլի Բելին ուղղված նամակում, Թուրքիան դեռևս չի կատարել ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված պայմանները՝ ծրագրում իր վերականգնման համար։

Պետդեպարտամենտը հավելել է, որ «Ս-400»-ի հարցի լուծմանն ուղղված ցանկացած գործընթաց պետք է լինի թափանցիկ, օրինական և համապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։

Leave a comment