Մեկնարկել են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ կանանց առաջնությունները

Մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում այսօր մեկնարկեցին բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ կանանց առաջնությունները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 200 բռնցքամարտիկ Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից եւ քաղաքներից։ Դրանց արդյունքով կձեւավորվեն հավաքականները, որոնք կնախապատրաստվեն մրցաշրջան 2026-ի կարեւորագույն մեկնարկներին։

Առավոտյան մրցահերթում կայացած տղամարդկանց մեծահասակների պայքարում հաղթանակ տարան Արթուր Ավետիքյանը, Արթուր Սահակյանը,  Անդրանիկ Մարտիրոսյանը, Ալիկ Կճոյանը, Արթուր Մկրտչյանը, Արգիշտի Հակոբյանը, Արթուր Շախպազյանը, Արմեն Սարգսյանը եւ Մանվել Պետրոսյանը։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Վարդան Բաղդասարյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Տարին ծանրաբեռնված է լինելու մեր բռնցքամարտիկների համար, թերեւս այդ պատճառով որոշեցինք մեծահասակների, երիտասարդների եւ աղջիկների առաջնությունները կազմակերպել համատեղ։ Հաշվի ենք առել, որ առջեւում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններն են, ունենք բավականին շատ միջազգային մրցաշարեր»։

Վարդան Բաղդասարյանը նաեւ նշեց, որ առաջնություններն անցկացվում են WORLD BOXING-ի նոր քաշային կարգերով։ Տղամարդիկ հանդես են գալիս 50, 55, 60, 65, 70, 75, 80, 85, 90 եւ +90 կգ, իսկ աղջիկները՝ 48, 51, 54, 57, 60, 65, 70, 75, 80 եւ +80 կգ քաշային կարգերում։

Մեր դիտարկմանը, թե մարզիկները, այդ թվում՝ բռնցքամարտիկները, որպես կանոն որոշակի դժվարություններ են կրում քաշային կարգ փոխելիս, պարոն Բաղդասարյանն ասաց, որ մարզիչներն այդ ուղղությամբ զգալի աշխատանք են կատարել եւ շարունակում են աշխատել, որպեսզի բռնցքամարտիկները քաշ գցեն կամ քաշ ավելացնեն հնարավորինս սահուն։ Նա նաեւ վստահություն հայտնեց, որ Հայաստանի բռնցքամարտիկներն այս փոփոխություններից հետո էլ կմնան իրենց բարձունքում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment